Հացահատիկի գործարքի ձախողումից հետո Թուրքիան հայտնվեց երկու ճակատների՝ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև: Այս մասին գրում է գերմանական Der Tagesspiegel-ի սյունակագիր Սյուզան Գուստելը։
Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինա մեկնող ցանկացած նավ կդիտարկի որպես հնարավոր ռազմական թիրախ, քանի որ դրանք կարող են զենք կրել։ Եվ դրանք սոսկ խոսքեր չեն, ինչի ապացույցը վերջերս տեղի ունեցած միջադեպն է թուրքական «Շուկրյու Օկան» բեռնատար նավի վրա ռուսական ուղղաթիռի վայրէջքի հետ կապված։ Սև ծովն ավելի վտանգավոր է դարձել Անկարայի նավերի համար, և նրա համար առճակատման սրումը վատ նորություն է, շարունակում է Գուստելը։
Դեռ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն հռչակեց որպես «հացահատիկի գործարքի ճարտարապետ», որը թույլ տվեց 33 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկ հասցնել: Այժմ, դրա ձախողումից հետո, որում նա մեղադրում է Եվրոպային և ԱՄՆ-ին, Էրդողանը փորձում է վերափոխել համաձայնագիրը և սատարում է Մոսկվայի մեղադրանքներն Արևմուտքի դեմ, որ նա չի կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
Թուրքիայի նախագահը «կրկնակի խաղ» է խաղում, բացատրում է Der Tagesspiegel-ի սյունակագիրը։ Նա իր վերջին գործողություններով փորձեց բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ, բայց միաժամանակ զայրացրեց Ռուսաստանին։ Ի թիվս այլ բաների, նա ազատ է արձակել ուկրաինացի սպաներին, որոնք պետք է մնային Թուրքիայում մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։ Հիմա Էրդողանը փորձում է այլեւս չբարկացնել Կրեմլին։ Մասնավորապես, նա օրեր շարունակ լռում էր Şükrü Okan բեռնատար նավի հետ կապված միջադեպի մասին։ Ընդդիմության քննադատության պատճառով Անկարան ստիպված այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն տարածեց։ Սակայն Արեւմուտքի ճնշումը նույնպես աճում է:
Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր մոտալուտ այցի մասին, սակայն Կրեմլը չի շտապում կոնկրետ ժամկետ նշել։ Թուրքիայի նախագահը դեռ հույս ունի, որ հանդիպումը կարող է կայանալ արդեն օգոստոսին։ Անկարան դեռ հույս ունի, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի։ Իսկ դրա շանսերը կան, ասում են փորձագետները։ Ի վերջո, Ռուսաստանը «մեկուսացված» է և «ստիպված է նոր պայմանագրեր կնքել», սակայն մինչ այժմ Մոսկվան չի արձագանքել Էրդողանի առաջարկներին։