Մինչև ուր կարող է հասնել արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը, հնարավո՞ր է մարդու ստեղծածը անկառավարելի դառնա, թե մարդը միշտ այն կվերահսկի, կամ արդյոք կա այդպիսի պայքար մարդու և ԱԲ-ի միջև: Ինչպիսի մասնագիտություններ կանհետանան և որոնք կառաջանան: Այս հարցերը քննարկել ենք ՀՀ ոլորտի մասնագետների՝ գիտնականների, պաշտոնյաների հետ և անդրադարձել, թե Հայաստանը որքանով համահունչ է այս զարգացմանը:
Արհեստական զարգացումը և մարդը:
Սթեյթեն Այլենդի համակարգչային գիտության ֆակուլտետի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի շրջանավարտների կենտրոնի գծով պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական երկրների առաջատար գիտնականներին միավորող Եվրոպական ակադեմիա (Academia Europaea)-ի անդամ Սոս Աղայանը աշխատում է համակարգչային տեսողության ոլորտում, մասնավորապես, որպեսզի համակարգիչն օգտագործի աչքի հնարավորություններն ու հատկությունները: ՀՀ-ում ADVANCE ծրագրի շրջանակում ղեկավարում է հետազոտական թիմ, որն անօդաչու թռչող սարքերի ու արհեստական բանականությամբ գեներացված նկարների և տեսանյութերի վերլուծության միջոցով փորձում է մշակել հուսալի ու ավտոմատացված մշտադիտարկման մեխանիզմներ արևային կայանների վնասների հայտնաբերման և դրանց չեզոքացման նպատակով։
Արհեստական բանականությունը մարդուն չի փոխարինի, այլ կօգնի: Այն լինելու է գործիք, հնարավորություն մարդու համար, իհարկե, այս պահին դեռ շատ սխալներ է անում, բայց հինգ տարուց շատ լավ որակի արդյունքներ կտա: Ընդհանրապես, ԱԲ-ի նպատակն է սովորեցնել համակարգչին մտածել ու կատարել մարդու նման։ Այս նպատակին հասանելու համար անհրաժեշտ են ահռելի քանակությամբ տվյալներ։ Մի տարվա մեջ մարդկությունը ստեղծել է ավելի շատ ինֆորմացիա, քան իր ամբողջ գոյության ընթացքում, և դրա հինգ տոկոսն է միայն օգտագործվում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյան
Այն, ինչը նախկինում համարում էինք արհեստական բանականություն, այսօր ինֆորմացիոն համակարգ է, որը կատարում է տեղեկատվության փոխանակում, հավաքագրում և մշակում:
Արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես գործիք, այս համատեքստում, յուրաքանչյուր գործիք կարող է կիրառվել և՛ դրական, և՛ բացասական առումով: Այսինքն, այստեղ շատ կարևոր են կիրառողի հմտություններն ու նպատակները: ԱԲ-ն չի կարող հաղթել մարդուն, ոչ էլ մարդու հետ մրցակցության խնդիր կա:
Բացի այդ, մարդը ցանկացած միջավայրում ադապտացվում է, մեքենան չի կարող, չնայած երիտասարդ գիտնականները պնդում են, որ հնարավոր է բոլոր տվյալները հավաքագրել:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյան
Արհեստական բանականությունը հասարակություննների առաջ նոր հնարավորություններ է բացում, այն կարող է դրական ազդեցություն ունենալ գրեթե ամեն ինչի վրա՝ սկսած էկոլոգիական ճգնաժամերի կառավարումից՝ վերջացրած առողջապահությունով: Քննարկումներ կան, թե արդյոք պետք է կանգնեցնել կամ դանդաղեցնել այս գործընթացը, թե ոչ: Վտանգները ոչ թե տեխնոլոգիաների մեջ են, այլ այդ տեխնոլոգիաները կիրառողների:
Ես վերլուծությունները կարդալով չեմ տեսնում մարդկանց անգործ մնալու վտանգ, այլ կիսում եմ այն մտավախությունը, որ ոչ բարեխիղճ մարդկանց կողմից կարող է կառավարում լինել, ինչը սարսափելի հետևանքների կհանգեցնի: Հիմնական վտանգը, որ մասնագետները նախանշում են, մարդն է. շատ ավելի վտանգավոր է, թե հենց մարդը ինչ կանի տեխնոլոգիայի հետ, քան տեխնոլոգիան մեզ հետ ինչ կարող է անել:
Եվրամիությունը ներկայում իրավական փաստաթուղթ է մշակում, որով փորձում է կառավարել ԵՄ տարածքում արհեստական բանականության կիրառմամբ կառույցների իրավունքները: Կա մոտեցում, որ պետք է շատ բարձր հարկ սահմանել արհեստական բանականություն օգտագործողների համար, որ արհեստականորեն դադարեցնեն այդ գործընթացը:
Ես կարծում եմ, որ ԱԲ զարգացումը հնարավորություն է, որպեսզի մարդը ավելի շատ մտածի:
- Մասնագիտությունները և Արհեստական բանականությունը:
Սոս Աղայան- Արհեստական բանականության շնորհիվ նոր մասնագիտություններ կառաջանան, իհարկե շատ մարդիկ էլ իրենց աշխատանքը կկորցնեն, բայց մարդն ավելի քիչ կաշխատի և ժամանակ կունենա գեներացնել նոր գաղափարներ։ Կյանքի որակը բոլոր առումներով կբարձրանա, նույնիսկ պատերազմներն այլ որակի կլինեն:
Արշակ Քերոբյան-
Տեխնոլոգիաների զարգացումը միշտ մտահոգություն է առաջացրել մասնագիտությունների վերացման հարցում, սակայն այդ գործընթացը միշտ հանգեցրել է նոր, ավելի բարձր վարձատրվող մասնագիտությունների առաջացման:
Արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում ընդամենը հեշտացնելու է կյանքը, ինչպես նաև ձևավորվելու է նոր մասնագիտությունների կարիք, և հենց այդ նոր մասնագետներն են կառավարելու ԱԲ կիրառումը տարբեր ճյուղերում: Այն մասնագետն է շահելու, որը կարողանալու է ճկուն օգտագործել գործիքները: ԱԲ շնորհիվ, ճիշտ հրահանգներով, մասնագետը կարող է արագ նոր լուծումներ ստանալ, բարելավել կատարած աշխատանքի որակը: Համոզված եմ, որ ավելի աշխատատար գործերը փոխարինվելու են ավելի ինտելեկտուալներով և մարդու մասնակցության պահանջարկն ավելանալու է:
Սյուզաննա Շամախյան-
Իհարկե կան ոլորտներ, որտեղ էլ մարդիկ պետք չեն լինելու, և ես կարծում եմ սա տալու է հնարավորություն մարդկանց առօրյա անիմաստ գործերից մաքսիմալ ազատվելու և ավելի կրեատիվ բաներով, վերլուծական ռազմավարական աշխատանքներով զբաղվելու:
- Արհեստական բանականությունը և բժշկությունը
Սոս Աղայան-Բժշկության մեջ փորձարկում են իրականացրել և քաղցկեղով հիվանդի ախտորոշումը ներկայացվել է բժիշկներին, նրանց մի խումբը գնահատել է 68 տոկոս տարածվածություն, մյուս խումբը՝ 62 տոկոս, այնուհետև նրանք բոլորն էլ համաձայնել են, որ համակարգիչը ավելի ճշգրիտ էր գնահատել՝ 87 տոկոս: Այսինքն՝ արհեստական բանականությունը կարող է ավելի ճշգրիտ վերլուծություն կատարել, քան մարդը, պատճառը այն է, որ բժիշկները կարող են հոգնած լինել, նկարի որակը լավը չլինել:
ԱԲ-ն այնքան մարդուն չի կառավարի, որքան կօգնի մարդուն ճիշտ ղեկավարել, ապրել, օրինակ՝ գյուղում բժշկի հարցում կարող է օգնել կամ կարող է փոխարինել ուսուցչին:
Արշակ Քերոբյան
ԱԲ հաջորդ քայլը լինելու է մարդուն անհատական վերաբերմունք ցույց տալը: Օրինակ, առողջապահության ոլորտում մարդու գենետիկային, ապրելակերպին, վարքագծին վերաբերող և այլ տվյալների հավաքագրումը, մշակումը հանգեցնելու է անհատական կանխարգելման և բուժման մարտավարության մշակմանը:
Սյուզաննա Շամախյան-
Ժամանակին, երբ ռենտգենի ապարատը հայտնվեց, սկսեցին ասել, թե բժիշկը ում է պետք, բայց այդպես չեղավ, հիմա հաջորդ փուլն է գալու և բոլոր ռենտգենոլոգների համար վատ լուր՝ շուտով աշխատանք չեն ունենալու, քանի որ կան շատ ալգորիթմներ, որոնք այդ նկարների վերլուծությունը շատ ավելի լավ են կարողանում կատարել, բայց չի գալու փուլ, որ ամեն ինչ համակարգիչը անի: ԱԲ-ն կարող է օգնել ախտորոշումն ավելի ճշգրիտ դարձնել կանխարգելիչ բժշկության մեջ:
- Հայաստանը և Արհեստական բանականությունը
Սոս Աղայան- ԱԲ-ի զարգացման հարցում նոր է սկսում պետությունը մասնակցություն ունենալ, մենք դեռ մի փոքր հեռու ենք լիդեր լինելուց: Լավ կլիներ, որ Հայաստանում մարդիկ թիմային աշխատեին, տաղանդավոր մասնագետներ կան, բայց այն կերպ չեն աշխատում, ինչպես ԱՄՆ-ում և Չինաստանում: Եթե նրանք մտածեն, որ մրցում են ոչ թե Հայաստանի մասնագետների հետ, այլ աշխարհի մակարդակով, ավելի լավ արդյունքներ կգրանցեն։ Այստեղ մի քիչ հանգիստ են, մրցակցությունը, պայքարն ամեն օր չեն տեսնում, բայց եթե ձգտեն, կկարողանան, քանի որ ունեն տաղանդը։
Արշակ Քերոբյան-
Պետության հիմնական դերը օրենսդրական կարգավորումներով հանդես գալն է, պետությունը նախ չպետք է խանգարի ոլորտի զարգացմանը, և հետո նպաստի: ՏՏ-ն զարգանում է շատ արագ, և ոլորտի նվաճումները պետք է օգտագործվեն ի նպաստ ՀՀ քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության: Մեր խնդիրները երկուսն են, նախ՝ ընկերությունների համար բարենպաստ դաշտ ստեղծելը, և երկրորդ՝ օգնել, որ ՏՏ ոլորտի ձեռքբերումները օգտագործվեն Հայաստանում: Կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացը խթանող գաղափարների իրագործմանը:
Տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտում, այն խմբերը, որոնք խոսք ունեն ասելու, ֆինանսավորվելու են: Մեր ոլորտում ցանկացած գիտական միտք կիրառական է, նույնիսկ սաղմնային վիճակում: Մենք պետք է աշխարհին համընթաց զարգանանք, պետք է ճկուն լինենք և արագ ինտեգրվենք: Հիմա Հայաստանը Ստրասբուրգում մասնակցում է «Մարդու իրավունքներ» և «Արհեստական բանականություն» թեմաներով դեբատների:
Սյուզաննա Շամախյան-
Սա մեծ մրցավազք է և շատ կարևոր է հասկանալ, թե որքան արագ և ինչպիսի մեթոդներով Հայաստանը կփորձի դերակատարություն ունենալ: FAST-ն իր հիմնադրումից ի վեր, ԱԲ-ն համարելով որպես ռազմավարական ուղղություն, ուր Հայաստանը կարող է կարևոր նշաձող գրավել, իրականացրել է տարբեր ծրագրեր: 2020 թվականին մեկնարկած ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում էլ ի թիվս այլ ոլորտներում հետազոտական նախագծերին, ֆինանսավորվում են նաև հետազոտություններ ԱԲ ոլորտում: Ընդհանուր առմամբ՝ մեր գործունեությունն այս առումով կարելի է բաժանել երկու մասի՝ երկարաժամկետ կրթական ծրագրեր, որոնք թույլ կտան նոր տաղանդներ հայտնաբերել, երեխաներին կրթել և երկրորդ՝ կարճաժամկետ լուծումներ, որոնք կօգնեն վերապատրաստել, ուղղորդել մասնագետներին։
Կառավարությունում կա հետաքրքրություն և գիտակցություն ինչ-որ բան այդ ուղղությամբ անելու: Ամենախոշոր բանը, որ կառավարությունը անում է՝ մեզ հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրն է, որը ԿԳՄՍՆ-ի հետ ենք անում և այս տարի սեպտեմբերին կմեկնարկի 10-ի փոխարեն 16 դպրոցներում: Ավագ դպրոցից սկսած՝ երեխաները ԱԲ ոլորտում բազային կրթություն կունենան, և երկրորդ հիմնական նպատակը, որ այն երեխաները, որոնք ունեն մաթեմատիկական գիտելիք, բավարար ցանկություն և հետաքրքրություն, կկարողանան շարունակել իրենց ապագան այս ոլորտում:
Իմ ամենամեծ անհանգստությունը, առավելևս Հայաստանի պարագայում, կիբերանվտանգությունն է, տվյալների պաշտպանվածությունը, որովհետև այդտեղ ռիսկերը շատ են, անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ։ Պատերազմը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մենք պաշտպանված չենք այդ ամենից: Առաջխաղացումը այս ոլորտում առանց դրա կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քանի որ դա կնշանակի, որ մենք կազմակերպված ձևով մեր ամբողջական տվյալները հասանելի ենք դարձնում թշնամուն:
ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի Գիտության քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Ղարիբյան
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» հատկացվել է շուրջ 25,15 մլրդ դրամ, ինչը 82,84 %-ով ավելին է, քան նախատեսվել էր 2021 թ․ համար հաստատված բյուջեով, իսկ 2023 թվականի համար նախատեսված բյուջեն կազմել է 29,13 միլիարդ դրամ՝ 15,83 տոկոսով ավելի, քան 2022 թվականի բյուջեն:
Տարեթիվը |
Գումարը (hազար ՀՀ դրամ) |
2021 |
13,755,273.6 |
2022 |
25,150,174.6 |
2023 |
29,131,648,4 |
Վերջին տարիներին կտրուկ ավելացել են նաև ՀՀ պետական բյուջեից գիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական սարքավորումներով վերազինմանն ուղղված միջոցները: Գիտական սարքերի/սարքավորումների գնման նպատակով Գիտության կոմիտեի կողմից անցկացված մրցույթների արդյունքների մասին պատկերացում կարելի է կազմել ստորև ներկայացված աղյուսակով.
|
|
Նշված մրցույթներով ձեռք բերված սարքավորումները, անկախ դրանց տեղակայման վայրից, կարող են օգտագործվել նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից:
Գիտական կազմակերպությունները իրենց նյութատեխնիկական բազան արդիականացնելու հնարավորություն ունեն նաև Գիտության կոմիտեի կազմակերպած այլ մրցույթների շրջանակում: Գիտական սարքավորումները գիտության զարգացմանը զուգահեռ շատ արագ կորցնում են իրենց արդիականությունը և անընդհատ թարմացման կարիք ունեն, ինչը տասնյակ տարիներ ոլորտի թերֆինանսավորման պատճառով գրեթե չի կատարվել, հետևաբար ոլորտում տեխնիկական հագեցվածության առումով բազմաթիվ խնդիրներ դեռ բաց են մնում:
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է գիտական կենտրոնները ոլորտային համալիր հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով ձեռք բերել տարեկան 4-6 խոշոր սարքավորում, ինչպես նաև՝ մինչև 2026 թ. նոյեմբեր ստեղծել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների 3-4 կենտրոն՝ տարեցտարի ավելացնելով այդ նպատակներին ուղղված պետական միջոցները:
Գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրումն ու երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմանների ստեղծումը Գիտության կոմիտեի հիմնական նպատակներից է:
Ակնկալվում է, որ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը: Այդ առումով արդեն զգալի առաջընթաց կա, այսպես՝ 2018 թվականին ՀՀ-ում պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընգրկված մինչև 35 տարեկան գիտաշխատողների թիվը 397 էր, 2020 թվականին՝ 837, 2022 թվականին՝ 1036 և, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին այդ թիվն զգալիորեն կմեծանա:
Հայաստանում արհեստական բանականության հետազոտություններով զբաղվելու պոտենցիալ ունեցող մասնագետներին տարիներ շարունակ գրավել է անհամեմատ ավելի բարձր վարձատրվող ՏՏ ոլորտը: Բացը որոշ չափով լրացնելու համար 2020 թ. Գիտության կոմիտեն հայտարարեց «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների աջակցությանն ուղղված նոր դրամաշնորհային ծրագիր: Մրցույթի արդյունքում 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ են տրամադրվել 3-5 անձից բաղկացած 7 գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված թեմաների իրականացման համար: 2023 թվականին նման մրցույթ կհայտարարվի երկրորդ անգամ:
Հայաստանում արհեստական բանականությանն ուղղված՝ համաշխարհային մակարդակով մրցունակ գիտական հետազոտությունների զարգացմանը մեծապես կնպաստի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից գերհամակարգչի գործարկումը, որը Թուլուզի համալսարանի նվերն է Հայաստանին:
Կառվարությունը նախատեսում է 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից Գերակա ուղղություններով հետազոտությունների աջակցությանն ուղղված ծրագրերի շրջանակում 540,000.0 ՀՀ դրամ հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրել հետևյալ առաջատար ուղղություններին՝ տվյալագիտություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, խելացի գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և այլն:
Լիանա Առաքելյան