Արցախի Աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանը լույս է սփռում ԱՀ-ում վերջին օրերի իրադարձությունների վրա։

Նա մասնավորապես պնդում է, որ հանրապետության նախագահը ցանկացել է հրաժարական տալ այն բանի համար, որ քաղաքական դաշտի որոշ առանցքային դերակատարներ և ուժեր չեն ցանկանում կոնսոլիդացվել երկրի առջև ծառացած ծանրագույն մարտահրավերները լուծելուն ուղղված քայլերի շուրջ և ընդհակառակը իրենց պառակտվածությամբ ընդդիմանում և տորպեդահարում են այդ քայլերը։

«Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ մենք փորձեցինք ստանալ երկրի ԱԺ նորընտիր նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանից։ Բայց նա իրեն բնորոշ դեստրուկտիվ և ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց և իր բնավորությանը համաձայն խուսանավեց և թաքնվեց։ Սակայն ես բոլորին ուզում եմ վստահեցնեմ, որ մենք կհասնեինք նրանից պարզաբանումների, եթե չլիներ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը շուտափույթ ժամանեց ԱԺ»,- պատմեց Մաթևոսյանը։

Անդրադառնալով ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի այն խոսքերին, թե Արցախում իրավիճակը պայթունավտանգ է, նա շտապեց բոլորին հանգստացնել, թե ոչ մի պայթունավտանգ իրավիճակ չկա։ Միևնույն ժամանակ Մաթևոսյանը հիշեցրեց բոլոր այդպիսի կոչերով հանդես եկողներին, որ բառեր շռայլելու փոխարեն 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք ճիշտ կլիներ ձեռնամուխ լինեին հայրենիքի պաշտպանությանը, ոչ թե իրենց ողջ ունեցվածքը, ընտանիքի անդամներին և նույնիսկ աղախիններին հավաքվեին և թաքնվեին բունկեռներում։

«Գոնե ամեն մեկդ ձեր գյուղն ու գերեզմանները պաշտպանեիք։ Հենց ձեր ու ձեր նմանների մեղքով մենք պարտվեցինք, ոչ թե ներկայիս նախագահի, որը ընդամենը չորս ամիս էր, որ պաշտոնավարում էր, երբ սկսվեց պատերազմը»,- չակերտները բացեց Աշխարհազորի ղեկավարը։

Վերջում նա դիմեց բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, մասնավորապես վերջին շրջանում սաբոտաժային և դեստրուկտիվ վարքագծով աչքի ընկնող Ռուբեն Վարդանյանին, կոչ անելով համախմբվել ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ և ձեռնամուխ լինել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նախագահը երեքշաբթի օրը մեծ քաղաքական կոնսուլտացիաներ է հրավիրելու՝ բոլոր ուժերի և դերակատարների մասնակցությամբ։ Կոչ ենք անում այդ հնարավորությունը բաց չթողնել, գալ ընդհանուր հայտարարի և համախմբվել նախագահի շուրջ եղած մարտահրավերներին դիմակայելու համար։ Իսկ Աշխարհազորը կսպասի այդ նիստի արդյունքներին Վերածննդի հրապարակում»,- եզրափակեց Աշխարհազորի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

3069