Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 20։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ վիրավորը փորձել է վնասել իրեն օգնության ձեռք մեկնող բժշկին։

 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ բնակարանի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Ռ-ն բնակարանում ինքն իրեն վնասում է և չի թողնում, որպեսզի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրեն օգնություն ցուցաբերի և հարձակվում է բժիշկ Նիկո Ա-ի վրա։ Որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «ձախ ձեռքի և ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ռ-ն։

 

Արդեն հիվանդանոց ժամանած ոստիկաններին Էդգար Ռ-ի հայրը հայտնել է, որ տղան տանը սուր գործիքներով ինքն իրեն վնասել է։ Առաջին համալսարանական հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո ժամը 22։35-ին Էդգար Ռ-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  Հաղորդվող տեղեկությունների համաձայն `  ոստիկաններին Էդգար Ռ-ի կինը հայտնել է, որ ամուսինը աշխատանքի վայրում ունեցած խնդիրների պատճառով և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ինքն իրեն վնասել է։ Ըստ աղբյուրի`  Էդգար Ռ-ն անվտանգության աշխատակից է։ 

992