
Առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնած ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերանայվում են մանկավարժների և սովորողների ծնողների իրավունքները և պարտականությունները։
Նախագծով առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում՝ խթանելու դասարանում խտրականությունից զերծ միջավայր ապահովելու և աշակերտների մեկուսացումը կանխարգելելու պարտավորությունը։
Սովորողի ծնողի պարտավորություններում ամրագրվում է երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը մասնակցելը, դասապատրասմանը աջակցելը և հարգալից վերաբերմունք դաստիարակելը մարդու և պետության նկատմամբ։
Բացի այդ, սահմանվում է դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների և ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար։
«Այն երկրներում, որտեղ կայացել և հաջողել է ներառական կրթությունը, շատ ակտիվ են հատկապես սովորողների ծնողական խմբերը: Ասեմ, որ այս փորձը կա նաև Հայաստանում, որտեղ գործում են բազմաթիվ ծնողական խմբեր, որոնք աջակցում են երեխայի կրթական գործընթացին:»,- նշել է հեղինակը։
Օրենսդրական նախաձեռնությունից բացի, Զարուհի Բաթոյանը նաև առաջարկ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի վերջինս իր կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներում նկատի ունենա ծնողական խմբերի գործունեությունը։