Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը մասնակցել է Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ գագաթնաժողովին և դրա շրջանակներում անցկացված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հասմիկ Տիգրանյանը ելույթ է ունեցել Գագաթնաժողովի՝ «Հատվածականության ճեղքում. պետության կոռուպցիայի դեմ ռազմավարություններ» պանելային քննարկմանը և ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտում ներառականության ապահովման մեխանիզմները, ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության մեխանիզմները, շահագրգիռ մարմինների հետ մշտական համագործակցության ձևաչափերը:

Հասմիկ Տիգրանյանն անդրադարձ է կատարել 2023-2026թթ․հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մշակման ներառական գործընթացին, ներկայացրել է ռազմավարության մշակման գործում քաղաքացիական հասարակության ներդրումը ռազմավարական բոլոր ուղղություններով: Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է պետական և համայնքային մարմիններում վերջերս ներդրված՝ հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների ինստիտուտը՝ շեշտադրելով դրա կարևորությունը հակակոռուպցիոն ծրագրերի և միջազգային պարտավորությունների կատարման գործընթացների՝ ներգերատեսչական մակարդակում արդյունավետ համակարգման գործում:

Գագաթնաժողովի շրջանակներում Հասմիկ Տիգրանյանը մասնակցել է նաև «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի ֆինանսական թափանցիկություն և բարեվարքություն աշխատանքային խմբի նիստին, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների, «ԲԿԳ համայնքի երկխոսություն» քննարկումներին: Քննարկումների շրջանակներում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի ներկայացուցիչներն առանձնահատուկ շեշտել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՏԶՀԿ հակակոռուպցիոն ցանցի հետ ակտիվ համագործակցությունը և ՏՀԶԿ հետ աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ ներկայացնելով այն որպես համագործակցության և աշխատանքների համակարգման լավագույն օրինակ:

540