Վրացական ընդդիմությունը չի կարողանա պատգամավորների 50 ձայն հավաքել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի իմպիչմենտի ընթացակարգը սկսելու համար, սեպտեմբերի 13-ին հայտարարել է Eurooptimists խմբի ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն։ Նրա խոսքով՝ 16 ձայն պակասում է։
Գոցիրիձեն այդ հարցը քննարկել է «Լելո» կուսակցության հետ, որն առաջարկել է իմպիչմենտի ենթարկել Ղարիբաշվիլիին ԱՄՆ մեկնելու պատճառով։
«Ակնհայտ է, որ վարչապետի իմպիչմենտի հարցն ընդդիմությունը չի կարող բարձրացնել։ Խորհրդարանի քաղաքական խմբերի և խմբակցությունների մեծ մասը դա չի ցանկանում: Ոչ Գիրչին, ոչ Գախարիայի կուսակցությունը, ոչ Ալեկո Էլիսաշվիլին, ոչ էլ հանրապետականները դա չեն ուզում։ Երբ 15-16 պատգամավորներ դա չեն ուզում, նշանակում է, որ անհնար է 50 ստորագրություն հավաքել»,- ասել է Գոցիրիձեն։
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 11-ին Վրաստանի Սահմանադրական դատարան է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի դիմումը։ Երկրի իշխանությունները դեմ են նրա արտասահմանյան չարտոնված ուղեւորություններին։ Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկելու համար իշխող «Վրացական երազանքի» պատգամավորների ստորագրությունները բավարար չէին, նրանք պետք է լինեին 100-ը, սակայն դիմումը արդեն ներկայացվել էր դատարան։