Ամերիկայի Հայ դատի գրասենյակի պետական մարմինների հետ կապերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը կոչով դիմել է Բայդենի վարչակազմին՝ պատասխանատվության ենթարկելու ցեղասպանածին Ադրբեջանի մշտական աջակցության եւ սպառազինման համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դիմել ռազմական օգնության ցուցաբերումը դադարեցնելու գործողությունների եւ պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ 120 000 քրիստոնյա արցախահայերի էթնիկ զտման համար։ Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Երիմյանի կոչը հնչել է Կապիտոլիումի բլրում կայացած մամուլի ասուլիսում՝ նվիրված Արցախին եւ քրիստոնյա այլ համայնքների հետապնդումներին, որը կազմակերպել էին կոնգրեսական Բրեդ Շերմանը եւ «Ի պաշտպանություն քրիստոնյաների», «Հանուն տառապյալների» կազմակերպությունները եւ «120 000 պատճառ» կոալիցիան, ներառյալ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

«Մեր պետդեպարտամենտը վերջերս երդվում էր Կոնգրեսի առջեւ, որ չի «հանդուրժի» որեւէ ադրբեջանական հարձակում Արցախի դեմ, որը հետո հենց դա էլ արեց։

Մենք չենք տեսնում ամերիկյան որեւէ առաջնորդություն Իլհամ Ալիեւի՝ այս սերնդի Սադամ Հուսեյնի հանդեպ։

Միայն դատարկ խոստումներ հայերին։

Զենք ադրբեջանցի զինվորականներին։

Ծաղիկներ Արցախի թաղմանը։

Հենց այն սկզբունքների դավաճանություն, որոնք մենք պաշտպանում ենք»,- ասել է Երիմյանը։

Նրա խոսքով՝ իր համար, որպես մի մարդու թոռնուհու, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որի ընտանիքն ու բարեկամները դուրս են բերվել Արցախից այս շաբաթ, ծանր է լսել, թե ինչպես է ԱՄՆ-ն հայտարարում «այլեւս երբեք»։

«Այն դեպքում, երբ զենք ենք մատակարարում այն կողմին, որը դա անում է նորից ու նորից։

Այն դեպքում, երբ շրջափակում ենք ամերիկյան օգնությունն Արցախին շրջափակման ինը երկար ամիսների ընթացքում։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ վարչակազմը մատն անգամ չշարժեց, որպեսզի դադարեցնի Ադրբեջանի շրջափակումը։

Ոչ մի օդային փոխադրում։ Բաքվին ռազմական օգնության ոչ մի դադարեցում։ Ոչ մի պատժամիջոց Ալիեի դեմ։ Խայտառակ հրաժարում իր բարոյական պարտքից։ Վտանգավոր ազդանշան այս աշխարհի ավտորիտարներին։ Կանաչ լույս հաջորդ ցեղասպանության համար»,- ընդգծել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը։

438