Հրազդանի ոստիկանները սեպտեմբերի 29-ին ստացել են օպերատիվ հավաստի տեղեկություն, որ երեք օր առաջ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ 15-ամյա մի պատանու տվել է կեղծ 20 հազարանոց, որպեսզի նա դրանով ծխախոտ գնի։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատանին երկու տուփ ծխախոտ է գնել Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում գործող մի խանութից, և վաճառողուհին, ծխախոտից բացի, նրան որպես մանր տվել է 18.450 դրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պատանին ներկայացվել է բաժին, իսկ ժամը 13.30-ին Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 19-ամյա երիտասարդը։
Բաժին է հրավիրվել նաև վաճառողուհուն, որից ընդունվել է հաղորդում:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու և ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու մասին:
Հանգամանքները պարզվում են:

498