Նարեկացուն շահարկողների 90 տոկոսը, վստահ եմ, Նարեկացի չի կարդացել: «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ուսուցիչ, պատմաբան, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը՝ անդրադառնալով այն շահարկումներին, որոնք վերջին շրջանում անընդհատ պտտվում են համացանցում և մամուլում։

 

«Եթե անգամ շահարկողը կարդացել է Նարեկացի, առանձնապես չի հասկացել: Նարեկացի շատ դժվար է հասկանալը: Լավ է, որ սովորողը, երեխան իմանա, թե ով է Նարեկացին: Հանգիստ թողնենք Նարեկացուն ու Խորենացուն: Եթե այդ մարդիկ արթնանային ու տեսնեին, թե ովքեր են չակերտավոր իրենց պատիվը պաշտպանում, կարող է հրաժարվեին իրենց ժառանգությունից: Չի կարելի նաև այդ դաշտ գնալ»,- նշեց բանախոսը:

 

Վահրամ Թոքմաջյանը գրականության ցանկում ընտրության և մի շարք գրական արժեք համարվող հեղինակների դպրոցական ծրագրից դուրս մնալու հետ կապված նշեց, որ հասարակագիտական բլոկում շատ դժվար է ունենալ սահմաններ: «Մենք կարող ենք հազարից ավելի հեղինակ համարել արժեք: Բայց մենք քննարկումների արդյունքում պետք է ձևավորենք կոնսենսուս, որի վրա պետք է կառուցենք գրական փունջը: Մնացածը ընթերցողի հայեցողությանը պետք է թողնենք»:

 

Նշենք, որ Վահրամ Թոքմաջյանը խոսել էր նաև կրթական նոր չափորոշիչների շուրջ  բարձրացած աղմուկի մասին և այն որակել ձևական աղմուկ:

 

Հիշեցնենք, որ կրթության չափորոշիչների շուրջ ծավալված աղմուկին անդրադարձել էր ինչպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այնպես էլ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Գերատեսչության ղեկավարն ու ներկայացուցիչը հանգամանալից բացատրել են նոր չափորոշիչների անհրաժեշտությունն ու պարզաբանումներ են տվել մամուլում շրջանառվող ապատեղեկատվության առնչությամբ:

 

Հայկ Մագոյան

 

1902