
Այն, ինչ կատարվում է առարկայական չափորոշիչների շուրջ, ձևական աղմուկ է, բայց սա գալիս է լեգիտիմացնելու մի բան, որը ոչ լեգիտիմ է եղել: Այս մասին այսօր «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ուսուցիչ, պատմաբան, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը։
«Այս պրոցեսը գալիս է շատ վաղուց: Դեռ նախորդ իշխանության օրոք, երբ մենք Համաշխարհային բանկից վարկ էինք վերցրել նոր չափորոշիչներ ներդնելու համար: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չիրականացվեց, հետաձգվեց: Որևէ մեկը հարց չտվեց` բա որ պետությունը վարկ է տալիս` ո՞ւմ հաշվին է տալիս: Հիմա ինչ-որ անհասկանալի գործընթաց սկսվեց, շատ արագ, որը չունեցավ հետազոտություն, այլ պարզապես ինչ-որ մի բան անելու սկզբունքով բերեցին այս փաստաթուղթը, որը չի բավարարելու հանրապետության կրթական պահանջներին, եթե անգամ ունենար լեգիտիմ հիմքեր: Այն չի սպասարկելու սովորողին, չի սպասարկելու ուսուցչին: Ես չեմ ասում՝ չափորոշիչները լավն են, թե վատն են։ Եվ ես կարծում եմ, որ այս գործընթացը պետք է այս փուլում կասեցվի»,- մասնավորապես ասաց Վահրամ Թոքմաջյանը։
Բանախոսն իր խոսքում նշեց, որ պետք է 2014 թվականից սկսած գնալ, պատշաճ գնահատական տալ ֆինանսական միջոցների հոսքերին, պատշաճ գնահատականներ տալ այն բոլոր ապօրինություններին, որոնք տեղի են ունեցել չափորոշիչների ստեղծման նախնական փուլում:
Հիշեցնենք, որ կրթության չափորոշիչների շուրջ ծավալված աղմուկին անդրադարձել էր ինչպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այնպես էլ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Գերատեսչության ղեկավարն ու ներկայացուցիչը հանգամանալից բացատրել են նոր չափորոշիչների անհրաժեշտությունն ու պարզաբանումներ են տվել մամուլում շրջանառվող ապատեղեկատվության առնչությամբ:
Հայկ Մագոյան