
Araratnews.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Պետրոսյանը անդրադարձավ այսօր Արցախի և Բաքվի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպման ընթացքում հնարավոր քննարկվող հարցերին և նշեց, որ Արցախում դեռ շարունակում են մնալ որոշ թվով արցախահայեր, որոնց ճակատագրի հետ կապված քննարկում կարող է լինել և նաև նրանց, ովքեր ամեն դեպքում կարող են իրենց որոշումը փոխել և վերադառնալ Արցախ, այսինքն՝ այդ վերաինտեգրում կոչված գործընթացի շուրջ կարող են բանակցել:
Նա նաև նկատեց, որ քննարկում կարող է լինել Արցախի տարածքում արցախահայությանը պատկանող գույքի խնդիրների, պետականության գույքի պահպանության հարցի վերաբերյալ, ինչպես նաև հոգևոր-մշակութային ժառանգության հարցի, քանի որ պետք են հստակ երաշխիքներ, որ Արցախում մեր ունեցած ժառանգությունը որևէ վտանգ չի առաջացնի:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, Արմեն Պետրոսյանն ասաց, որ միամտություն է հավատալ այն վերլուծություններին, թե Արցախի դատարկմամբ Ադրբեջանը կանգ է առնելու:
«Նման սցենարին հավատալը առնվազն միամտություն է: Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով պոկելու Հայաստանից առավելագույնը: Ներկայում էլ Ադրբեջանի գործողությունները այն մասին են վկայում, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները համոզված չեն, որ նման ագրեսիվ քայլերը կարժանանան շատ ավելի կոշտ և իրենց համար վտանգավոր պատասխանին, խոսքը նաև Հայաստանի Հանրապետության ռազմական պատասխանի մասին է և միջազգային տարբեր դերակատարների շատ ավելի կոշտ գործողությունների, Ադրբեջանը չի հանդարտվի»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանի օրակարգում շարունակվում են մի շարք կարևոր հարցեր մնալ չլուծված՝ Զանգեզուրի միջանցքի, անկլավների և այլ հարցը: «Պետք չէ մոռանալ, որ Արցախում որքան էլ խոսվում էր բանակցությունների մասին, վերջը խնդիրը լուծվեց պատերազմի միջոցով: Նույնն էլ այս դեպքում, որքան էլ որ խոսում են, որ տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակումը լինելու է բանակցային ձևաչափերում քննարկման թեմա, բայց չեմ բացառում, որ Ադրբեջանը և Թուրքիան դա կարող են միասնական ուժերով իրականացնել ուժային միջոցով: Քանի դեռ Ադրբեջանը անընդհատ մարսում է իր գործողությունները, նրա ախորժակը ավելի բացվում և ավելի անկանխատեսելի է դառնում»,- ասաց նա
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի բանակցություններին և Իրանի կողմից ճանապարհ հատկացնելուն, Արմեն Պետրոսյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման հայտարարությունները Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու փորձեր են, որովհետև Իրանը իր տարածքով միջանցք տալու որևէ ուղերձ չի հնչեցրել, Իրանի առաջարկները, որոնք եղել են, պարզապես ենթադրում են եղած կապուղիների ավելի բարելավում, բայց ոչ երբեք միջազգային տրամաբանության մեջ:
«Առնվազն մոլորություն է կարծել, թե Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգից միջանցքի հարցը դուրս է եկել, իրենց գործիքակազմում մնում է դեռևս ուժային մեթոդի կիրառումը՝ այդ ճանապարհները ստանալու համար: Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր հայրենակիցների, նույնիսկ խաղաղ բնակչության ուղղությամբ տարաբնույթ զենքեր, տարբեր վայրագություններ կիրառող թշնամուն ինչպե՞ս կարելի է հավատալ, դրանք մոլորեցնող փորձեր են, որոնք իրականացվում են Հայաստանի զգոնությունը թուլացնելու նպատակով: Ադրբեջանին և Թուրքիային ճիշտ չէ վստահելը հատկապես նման աշխարհաքաղաքական իրավիճակում, իրենց օրակարգից չի կարող դուրս մնալ՝ անգամ ռազմական ճանապարհով միջանցքային տրամաբանության ճանապարհներ ստանալու հնարավորությունը: Նոր պատերազմի հավանականությունը չի էլ վերացել, բայց մեզ մոտ ներքին խոսույթ կա, կեղծ քարոզչական օրակարգ է եղել, որ Արցախի հարցով խնդիրը փակվել է»,- ասաց նա: