Hraparak.am կայքը նյութ է հրապարակել Տաշիր քաղաքում արցախցի հղի կնոջ պատմության վերաբերյալ, որը դիմել է համայնքին՝ կացարանով իրեն ապահովելու, սոցիալական այլ խնդիրներով, և նշել, որ համայնքապետարանը կնոջը և իր ընտանիքին չի աջակցել, վատ վերաբերմունք են ցուցաբերել նաև միասնական սոցիալական ծառայությունում։ 

Civic.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքին համայնքը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում։

Մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց, որ ընտանիքը Արցախ է տեղափոխվել վերաբնակեցման ծրագրերով, այնտեղից ՀՀ են եկել 2020 թվականի պատերազմի ժամանակ. նախ Կոտայք են տեղափոխվել, ապա՝ Տաշիր, հետևաբար ընտանիքը չի կարող օգտվել աջակցության այն ծրագրերից, որոնք ցուցաբերվում են Արցախից Հայաստան՝ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո բռնի տեղափոխվածների համար։ 
Անդրադառնալով վատ վերաբերմունքին՝ Խաչատրյանն ասաց. «Կինը դիմել է քաղաքապետին՝ բնակարան հատկացնելու խնդրանքով, քաղաքապետն էլ խոստացավ, որ կփորձի վարձով բնակարան գտնել և վարձը վճարելու հարցում օգնել, իսկ սոցիալականի պետի վատ վերաբերմունքի մասով՝ այդպիսի բան չի եղել, կարիքների գնահատում է եղել, տեսնեն՝ ինչով կարող են օգնել»։

Մարզպետը շեշտեց, որ հիմնական խնդիրն այն է, որ աջակցության այս ծրագրերից կարող են օգտվել միայն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ռազմական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով բռնի Հայաստան տեղափոխվածները միայն։

Արամ Խաչատրյանը նշեց նաև, որ ընտանիքում կինը, իր իմանալով, աշխատում է տեղի ռեստորաններից մեկում, ամուսինը չի աշխատում, նաև նշեց՝ փաստ է, որ համայնքը փորձել է օգնել ընտանիքին՝ ինչով հնարավոր է։ 
 

531