Armtimes.com-ը գրում է

Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի թիմակից-աջակիցները, որոնք ներկա չգտնվեցին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնի ստանձնման՝ երդման արարողությանը, որոշել են «պոստ ֆակտում» էժանագին մեկնաբանություններ անել հիշյալ միջոցառման վերաբերյալ՝ զերծ չմնալով մանիպուլյացիայի հնարքից։

Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ վերջինիս մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը, ի դեպ, մինչեւ վերջերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիրն էր (հարթակ, որի առաքելությունն է բացահայտել ԶԼՄ-ներում տեղ գտած մասնավորապես մանիպուլյատիվ հրապարակումները եւ իսկությունը), ֆեյսբուքյան գրառում է արել՝ կիրառելով մանիպուլյացիայի հնարքը։

Զետեղելով Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից կադր (Հակոբ Կարապետյանի հրապարակումը՝ այստեղ), որում վերջինս քաղաքապետարանի ֆոյեում է՝ շրջապատված լրագրողներով, Կարապետյանը կից գրել է․ «Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների ներկայությունը նպատակահարմար չի համարվել՝ «հյուրերի մեծաթիվ քանակի» պատճառով։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառման համաձայն, լրագրողները միջոցառումը լուսաբանելու համար կարող են օգտվել պաշտոնական հեռարձակումից: Հյուրերի մեծաթիվ քանակը, կարծում եմ, վատ պատճառաբանություն է լրագրողներին այս կարեւոր իրադարձությանը չթողնելու համար։ Իսկ պաշտոնական հեռարձակմամբ «յոլա գնալու» առաջարկը գրեթե վիրավորական է»։ 

Նկատենք, որ Կոստանյանի գրառման մեջ, որին հղում է անում Կարապետյանը,  «լրագրողների մուտքը համարվում է ոչ նպատակահարմար» ձեւակերպումը (նման եզրակացությունը բացառապես Կարապետյանի սուբյեկտիվ ընկալման արգասիքն է) առկա չէ, եւ նրա խոսքից էլ չի հետեւում, որ քաղաքապետարանը «ոչ նպատակահարմար» է գտել լրագրողների ներկայությունը՝ այսպիսով արգելելով նրանց մասնակցել միջոցառմանը։ 

Կոստանյանը պատճառաբանել է լրագրողների՝ երդման արարողությանը ներկա գտնվելու անհնարինության հիմքը։ Ըստ այդմ՝ «Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով եւ յութուբյան ալիքով: Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից: Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր եւ լուսանկարներ»։ 

Հակոբ Կարապետյանը լրագրող է, եւ, ենթադրում ենք, որ նա տեքստեր կարդալ-ըմբռնել-մեկնաբանելու հետ կապված որեւէ խնդիր չպետք է ունենա։ Եթե կարդացել ու ընկալել է, ապա պետք է որ ֆիքսած լիներ Կոստանյանի խիստ հասկանալի ձեւակերպումը՝ «երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ...»։ 

Սա նշանակում է, որ երդմնակալությունից հետո լրագրողները կարող էին մուտք գործել շենք եւ մուտք են գործել։ Ի դեպ, լրագրողները նախապես տեղեկացվել էին նաեւ Տիգրան Ավինյանի՝ երդմնակալությունից հետ տեղի ունենալիք ճեպազրույցի մասին, ինչին մասնակցել են եւ իրենց հուզող հարցերը հղել քաղաքապետին։ 

Մարությանի նախկին մամուլի խոսնակը, նկատենք, իր հրապարակած լուսանկարը մեկնաբանել է, որ այն արվել է Մարությանի ճեպազրույցից հետո, այսինքն՝ ոչ երդմնակալության արարողության ժամանակ։

«Լուսանկարում հեղափոխական 2018 թ.-ն է՝ Հայկ Մարությանի երդմնակալության օրը, լրագրողների հետ նորընտիր քաղաքապետի ճեպազրույցից հետո (կամ ժամանակ, ես էն ժամանակ դեռ էնտեղ չէի)։ Ուզում եմ հպարտությամբ նշել, որ մեր աշխատանքի առաջին իսկ օրերից փաստացի վերացրեցինք Տարոն Մարգարյանի օրոք լրագրողերի համար դրված սահմանափակումները։ Մեր սահմանած կանոնի համաձայն, ցանկացած լրագրող ցանկացած աշխատանքային օրվա ցանկացած ժամի կարող էր առանց բարդության, առանց հավատարմագրի մտնել քաղաքապետարան։ Հուսով եմ, քաղաքապետարանի ներկա գործընկերները կկանխեն ռեգրեսիվ միտումները»։

Հակոբ Կարապետյանին թերեւս պետք է հորդորել զուր տեղը չանհանգստանալ՝ երդման արարողությանը հարգելի պատճառով լրագրողների ներկա չգտնվելը հիմք չէ՝ «ռեգրեսիվ միտում»-ների մասին սպեկուլյատիվ կանխատեսում անելու համար։

Մարությանի մեկ այլ թիմակից՝ ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանը ևս որոշել է անդրադառնալ երդման արարողությանը՝ ֆեյսբուքյան իր գրառման մեջ զերծ չմնալով ցինիզմից։ Զետեղելով արարողությունից կադր (Հովսեփ Կուբատյանի գրառումը՝ այստեղ)՝ վերջինս կից գրել է․ «Մեր տեղերը ծախել են, լրագրողների մուտքն էլ արգելել) Քանի որ լրագրողների մուտքի արգելքի մասին ադեն Հակոբ Կարապետյանը գրեց, չկրկնվեմ: Այս լուսանկարում պարզ երեւում է, որ դահլիճում նստելու տեղ չկա: Նշեմ, որ սա ավագանու հատուկ նիստ է, բայց առնվազն մեր խմբակցությունը ներկա չի եղել: Բա մեր տեղերն ուրա՞: Ասեմ նաեւ, որ մենք նախօրոք չենք հայտարարել, որ ներկա չենք լինելու»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

1249