Fip.am-ը գրում է․

Առողջապահության նախարարության դիմաց սեպտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ պատվաստվելու կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պարտադրանքի։ 

Ակցիայի մասնակիցներից ատամնաբույժ Նաիրա Ջալլադյանը հայտարարել է, որ հետազոտությունների ընթացքում COVID-19-ի դեմ «Աստրազենեկա», «Մոդերնա», «Փֆայզեր» պատվաստանյութերում հայտնաբերվել են քաղցկեղածին նյութեր:

Ջալլադյանը նշել է, որ երեք պատվաստանյութերի ուսումնասիրությունը կատարել են իսպանացի մասնագետները. «Այս հետազոտության արդյունքը եղել է այն, որ այս պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են քաղցկեղածին նյութերի պարունակություն՝ գենոտոքսիկ և ցիտոտոքսիկ նյութեր»

Ատամնաբույժը հավելել է, որ առկա են եղել նաև վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող նյութեր, ինչը, ըստ նրա, երիտասարդների շրջանում  չբերության պատճառ է դառնալու: 

Քանի որ լրատվամիջոցները բավականին ակտիվ տարածել են Ջալլադյանի խոսքը, «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ատամնաբույժի այս և այլ պնդումներ՝ պարզելու դրանց հավաստիությունը: 

Քաղցկեղածին նյութեր՝ պատվաստանյութերում

Ջալլադյանի նշած հետազոտությանը, ըստ որի՝ իսպանացի գիտնականները պատվաստանյութերում հայտնաբերել են քաղցկեղածին նյութեր, հավանաբար ամիսներ առաջ համացանցում հայտնված՝ Ալմերիայի համալսարանին վերագրվող նյութերն են: Ըստ տարածվող գրառման՝ «Փֆայզեր» (Pfizer-BioNtech) պատվաստանյութը պարունակում է գրաֆեն օքսիդ, որը կարող է քաղցկեղ առաջացնել: 

Կատարած ուսումնասիրության հեղինակն ընդունել էր, որ ինքը համոզված չէ, որ իր ուսումնասիրած նյութը հենց «Փֆայզերի» դեղաչափ է, քանի որ դեղանյութն իրեն ուղարկել էին փոստով:

Հարկ է նշել, որ ուսումնասիրությունը չի կատարվել որևէ համալսարանում և չի ընդունվել գիտական հանրության կողմից: Թեև շրջանառվող փաստաթղթի վրա կնիք էր պատկերված, այն չէր հաստատվել համալսարանի կողմից: Ավելին՝ համալսարանը պաշտոնապես հայտարարել էր, որ ոչ մի առնչություն չունի հետազոտության հետ:

Հավելենք նաև, որ Իսպանիայում պատվաստման բավականին բարձր ցուցանիշներ են արձանագրվել: Այս պահին պատվաստված է բնակչության 74.3 տոկոսը: 

Նշենք, որ գիտական որևէ հետազոտություն չկա, որը կփաստեր Ջալլադյանի մատնանշած կամ այլ պատվաստանյութերում քաղցկեղածին նյութերի առկայությունը: 

Ի դեպ, «Աստրազենակայի» պատվաստանյութի ստեղծման եղանակը սկզբունքորեն տարբերվում է  «Մոդերնայից» և «Փֆայզերից»:

Այսպես, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նորագույն ՌՆԹ տեխնոլոգիայով: Դրանք մարդկանց օրգանիզմին վիրուսի ժառանգական կոդի՝ սպայկ սպիտակուցի մասին տեղեկություն են փոխանցում: Այս պատվաստանյութերը մարդու օրգանիզմ տեղափոխելու ժամանակ օրգանիզմը COVID-19 վիրուսի նման արհեստականորեն սպայկ սպիտակուց է սկսում արտադրել, ինչի արդյունքում հակամարմիններ են արտադրվում: Հակամարմինները հենց մարդու օրգանիզմում սինթեզավորված սպայկ սպիտակուցներին են վերացնում, և այդպիսով ստեղծվում է COVID-19 վիրուսի դեմ իմունիտետ: 

Ցիտոտոքսիկ նյութերը սպանում են բջիջները, սակայն, ինչպես տեսանք, սպայկ սպիտակուցը չի սպանում դրանք: Այս պատվաստանյութերը չունեն ցիտոտոքսիկ հատկություն:

Գենոտոքսիկ նյութերը վնասակար ազդեցություն են ունենում բջջային գենետիկական նյութի վրա՝ ազդելով դրա ամբողջականության վրա: ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերը՝ «Մոդերնան» և «Փֆայզերը», չեն կարող ազդել գենի վրա, քանի որ չեն մտնում գենի կորիզի մեջ:

«Աստրազենեկան» վեկտորային պատվաստանյութ է, որը պարունակում է SARS-COV-2 վիրուսի կարևոր մասի ժառանգական կոդը՝ սպայկ սպիտակուց: Այն ներդրված է անվնաս վիրուսի մեջ (ադենովիրուս), որը ներմուծում է սպայկ սպիտակուցը մարդու բջիջների մեջ, որպեսզի դրանք կարողանան կարդալ այն և կատարել սպայկ սպիտակուցի պատճենները: Այս գործընթացն առաջացնում է բջջի ուժեղ իմունային ռեակցիա, ինչը արտահայտվում է հակամարմինների առաջացմամբ:

Փաստացի՝ Նաիրա Ջալլադյանի պնդումը, թե COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պարունակում են քաղցկեղածին նյութեր, կեղծ է և մանիպուլյատիվ:

Պատվաստանյութերի ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա

Այս պահի դրությամբ չկա նաև որևէ գիտական հետազոտություն, որը կապացուցեր պատվաստանյութերի ազդեցությունը մարդու վերարտադրողական առողջության վրա: Ճիշտ հակառակը՝ շատ երկրների առողջապահական գերատեսչությունները կոչ են անում հղիներին պատվաստվել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի դելտա շտամը ավելի ծանր ընթացք է ունենում և բացասական հետևանքներ կարող է ունենալ հղիների համար:

Ինչ վերաբերում է տղամարդկանց վերարտադրողական առողջությանը, ապա բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդանալը կարող է առաջացնել Էրեկտիլ դիսֆունկցիա:

Մայամիի համալսարանի հետազոտությունը պատվաստումից առաջ և հետո որևէ փոփոխություն կամ ազդեցություն չի արձանագրել տղամարդու սերմնահեղուկի վրա:

Այսպիսով, մարդու վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության մասին պնդումներն անհիմն են: 

Բնական իմունիտետը շատ ավելի ուժե՞ղ է, քան արհեստական իմունիտետը

Նաիրա Ջալլադյանը պնդել է նաև, որ բնական իմունիտետը շատ ավելի ուժեղ է, քան արհեստական իմունիտետը, որը ձեռք է բերվում պատվաստման միջոցով. «Մեզնից շատերը հիվանդացել են: Ես նույնպես հիվանդացել եմ և ունեմ բնական իմունիտետ: Ինչո՞ւ դա հաշվի չի առնվում: Ինչո՞ւ են մարդկանց, որոնք ունեն հակամարմինների բարձր ծիտր, ստիպում պատվաստվել»:

COVID-19-ից հետո բնական իմունիտետը խիստ անհատական է: Եղած տվյալները ցույց են տվել, որ բնական իմունիտետը երկար չի տևում՝ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե որքան է գործում հիվանդությունից հետո ձևավորված բնական պաշտպանությունը: 

«Անգամ եթե դուք վարակվել եք կորոնավիրուսով, դուք պետք է պատվաստվեք: COVID-19-ից ստացված պաշտպանությունը կրում է խիստ անհատակական բնույթ, և հայտնի չէ, թե որքան կգործի»,- նշում է կազմակերպությունը:

ԱՀԿ-ն բացատրում է, որ թեև կորոնավիրուսով հիվանդանալուց հետո մարդու օրգանիզմում հակամարմիններ են ձևավորվում, դրանց արդյունավետությունը կարող է տարբերվել դեպքից դեպք և կախված է նրանից, թե հիվանդությունը ծանր, թե թեթև ընթացք է ունեցել: Եթե հիվանդությունը թեթև կամ առանց ախտանիշների է ընթացել, հակամարմինները շատ քիչ են ձևավորվում և չեն պաշտպանում հետագա վարակումից: Այդ է պատճառը, որ անգամ հիվանդանալուց հետո անհրաժեշտ է պատվաստվել, քանի որ պատվաստումը բարձրացնում է իմունային համակարգը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

2519