
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ: Ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին:
Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են ատրճանակի խլացուցիչ, 19 բջջային հեռախոս, կրոնական գրականություն, կրիչներ, սկավառակներ, համակարգիչներ, ինչպես նաև ավելի քանի տասը միլիոն ռուբլի, շուրջ 5 հազար դոլար և 200 եվրո: Խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը պարզել է, որ խմբավորման անդամները հետևել են համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են թողել և ծեծել են նրանց: Ազգայնականները նաև ստիպել են իրենց զոհերին ներողություն խնդրել տեսախցիկի առաջ։