Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում:

«Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,- հավելեցին Կենտրոնական բանկից։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին,որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։

«Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,- պարզաբանեց Մանուչարյանը՝ ավելացնելով, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475։

449