ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման առարկաներից՝ հայտնաբերվել է 5 ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվելուց հետո վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակում` վերջինս ձերբակալվել է:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել տեղեկություններ առ այն, որ ձերբակալված անձը փոխկապակցված է մի քանի այլ բաժանորդների հետ, որոնք մշտապես առաքանիներ են ստանում նույն փոխադրողի միջոցով:

Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ ևս հնարավոր է՝ առկա լինեն թմրամիջոցներ: Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այս տեղեկատվությունը տրամադրվել է «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներին, ովքեր Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել առաքանին: Բացի մանկական գրատախտակից՝ հայտնաբերվել է 4 փաթեթ` 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ:

Առաքանին ստանալուց հետո փոխադրող ընկերության գրասենյակից դուրս գալուց՝ ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Պ.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնարկված միջոցառումների շրջանակում, ձերբակալված Ա.Պ-ն իրեն պատկանող տելեգրամյան օգտահաշվից կապ է հաստատել տելեգրամյան օգտատիրոջ հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է։ Նշված առաքանին փոխադրելու և այլ անձի հանձնելու համար տելեգրամյան օգտատերը Ա․Պ-ին փոխանցել է 80․000 ՀՀ դրամ: Պարզվել է նշված առաքանին ԱՄՆ-ից ուղարկողի ինքնությունը. այն փոխանցելուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն։ Պարզվել է, որ վերջինիս անվամբ կա ևս մեկ ուղարկված առաքանի, ինչի զննման արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շուրջ 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԱՄՆ-ից Ա. Պ.-ի անվամբ ներմուծված 2 միջազգային սուրհանդակային առաքանիներում ևս առկա են թմրամիջոցներ: Դրանցում հայտնաբերվել է ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ՝ 950 և 970 գրամ քաշերով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 1.2 կգ քաշով։

Մեկ այլ դրվագով` տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ից՝ նույն ուղարկողի կողմից, Հայաստան է ներմուծվելու միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները՝ մաքսանենգության այս դեպքով, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, «մարիխուանա», «հաշիշ», և «հաշիշի յուղ» տեսակների թմրամիջոցների զանգվածները ստանալուց հետո` Գյումրի քաղաքում ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի:

Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց և 1.9 կգ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի ածանցյալներ:

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

446