Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հայաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Գյումրին էր:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ հանրապետության երկրորդ քաղաք կատարած այցը ճանաչողական էր: Երկու երկրների հյուրերը նախ այցելեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, այնուհետ Գյումրու Սև Բերդ ամրոց, որտեղ անկացվեց «Միավորելով նորարարությունը» հայ-իրաքյան համաժողով:

Ողջունելով Իրաքի գործընկերոջը, Վահագն Խաչատուրյանը ընդգծեց՝ հայ-իրաքյան այս համագործակցությամբ երկու երկրների հարաբերությունները կարող են էլ ավելի ամրանալ։

«Տարիներ շարունակ Իրաքի տնտեսության զարգացումը եղել է նավթով, ու չնայած հիմա էլ նավթը մեծ ազդեցություն ունի, իր նպատակների մեջ մեծ տեղ ունեն նաև բարձր տեխնոլոգիաները։ Հիմա մենք պետք է նայենք առաջ ու առավելագույնը պետք է անենք, որպեսզի Հայաստանը դառնա իսկապես տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը նաև քաղաքական հարաբերությունների ակտիվացումն ի նպաստ կլինեն նաև այդ բնագավառի զարգացմանը։ Ջերմ հարաբերություններով հանդերձ մենք միմյանց կարիքն ունենք»,-ասաց ՀՀ նախագահը:

Ըստ Վահագն Խաչատուրյանի, Հայաստանը և Իրաքը տարբեր հարթակներում աջակցում են միմյանց, որևէ տարաձայնություն չունեն։

«Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա մենք վտանգի մեջ ենք։ Կարծում եմ մեր երկրում այսօր տեղի ունեցող իրադարձությունների պատճառը հենց դրանում է։ Եկեք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունի Իրաքը։ Դրա համար պետք է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու այդ երկրի տնտեսության պահանջները»,- նշեց ՀՀ նախագահը։

Իրաքի նախագահը ևս ընդգծեց, որ այն ինչ տեսել ու լսել է այս ընթացքում, վստաբար համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։

«Շատ հայեր են արդեն աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում համագործակցության նոր փուլը կարող ենք ունենալ այսուհետ ևս՝ ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում»,- ասաց նա։

Պատասխանելով ներկաների հարցերին նախագահները ևս մեկ անգամ ընդգծեցին՝ նոր համագործակցություն չսկսելու համար խնդիր չկա, ավելին, սա ըստ ՀՀ նախագահի, Կառավարության տնտեսական ռազմավարության կարևորագույն ուղիներից մեկը պետք է լինի։

609