
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի կիրարկման ընթացքում, ինչպես նաեւ Հավատարմագրման ենթահանձնաժողովի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հանձնարարականներում վեր հանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ նախագիծը մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ եւ փոփոխություններ ու լրացումներ է առաջարկվում կատարել օրենքի 11 հոդվածներում:
Մասնավորապես, սահմանադրական օրենքի մի շարք դրույթներ հստակեցվել եւ համահունչ են դարձվել նույն օրենքի այլ դրույթներին: Առաջարկվում է հստակեցնել, որ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում եւ Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչեւ հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաշվետվությունը պարունակող ամփոփ հաղորդում: Նախատեսվել է նաեւ, որ Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագ ղեկավարի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը:
Առաջարկվում են նաեւ այլ հստակեցումներ, ինչպես նաեւ Պաշտպանի լիազորությունների ընդլայնում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ՝ անդրադառնալով նաեւ մի շարք առաջարկների, որոնք ընդունելի էին հեղինակի համար: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրինագծին:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: