Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց բանակում ինքնասպանությունների 3 պատճառները:
Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելն է, և պարտքը փակել չկարողանալն է: Այս մասով միջոցներ են ձեռնարկվել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողներին խաղադրույք կատարելը, բայց համակարգը, ըստ Փաշինյանի, դեռ ներդրման փուլում է:
«Սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից: Պարտադիր չէ, որ քո հեռախոսով խաղադրույք կատարես, կան ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ են կատարում: Այսինքն՝ նույնիսկ եթե հեռախոս չլինի, եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս ես, բայց եթե պարտվել ես, հազա՛ր ներողություն, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով: Ինքնասպանության պատճառներից մեկը սա է»,- ասաց նա:
Երկրորդ պատճառը ընտանեկան և անձնական պրոբլեմներն են, որ քաղաքացիական կյանքում ունեն:
Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքում ժամապահության ընթացքում քնելու հետ:
«Հայաստանյան ռեպերի երգի մեջ նման նախադասություն կա: Խոսում է իր մասին, ասում է՝ ես դիրքում քնող չեմ եղել: Կողքից լսողը կասի՝ էս ի՞նչ նախադասություն է, «դիրքում քնող չեմ եղել»... Ասում է՝ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են, քնում են, եթե դիրքապահը քնել է, նշանակում է՝ վտանգի տակ է դրել մյուսների կյանքը, և ով արձանագրում է, որ դիրքում հերթապահության ժամանակ քնել է, զինվորները (դա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՞ անվտանգային գերճնշում է) նրան արհամարհանքի և մեկուսացման են ենթարկում, և դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, կղզիացում, հոգեբանական ճնշում և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է այս 3 իրավիճակների հետ:
Լրագրողի դիտարկմանը, թե այդ հարցում բանակի ղեկավարությունը չունի՞ իր մեղքը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չէ գցել: Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա խնդրի լուծումը չենք գտել, և սա է պատճառը, որ մեր ծրագրում քրեական ենթամշակույթի մասին են գրում, աշակերտների ֆիզիկական-հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին է, աշխարհայացքի ընդլայնման մասին է»: