Միքայել Գյուրջյանի և Արման Նշանյանի «Ամերիկացին» առաջին ֆիլմն է Հայաստանից, որն ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմերի կարճ ցուցակում: Սա մի հրաշալի պատմություն է Հայոց Ցեղասպանության, Խորհրդային դաժան կարգերի և բանտային կյանքի միջով անցած հայի մասին, ով անդունդում գտնում է լույսի շողը, որը նրանում հայի ինքնաճանաչում է արթնացնում:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն նույն թվականի հունվարի 23-ին:

Այս հրաշալի առիթով զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանի հետ՝

Սպասելի Էր այսօրվա արդյունքը

Այնքան դժվար քայլ է հասնել այնտեղ, որտեղ մեր ֆիլմն է հասել: Մի թեթև որպես երազանք ես նայում դրան, բայց գիտե՞ք՝ կան երազանքներ, որոնք դու զգում ես ինչ-ինչ պատճառներով, որ իրականի մեջ են: Այս ֆիլմի սցենարը, բովանդակությունը և նկարահանված արդյունքը այնքան էլ երազանք չէր և չի: Սա կարող էր նկարահանված լիներ Լեհաստանի կողմից օրինակ կամ Չինաստանի, Գերմանիայի կողմից և շատ իրական դիտվեր: Ինձ համար անսպասելի, մի քիչ էլ՝ զարմանալի էր, որովհետև այնքան քաղաքականություն, գումար ու աշխատանք է հարկավոր այս քայլին հասնելու համար: Դա էր մի քիչ ինձ մտահոգում: Բայց ես իմ հոգու խորքում զգում էի, որ սա լինելու է: Էսպես բացատրեմ՝ ներքին ձայնը, որ շշուկով է խոսում, շատ հանգիստ էր իմ մեջ

Չէի՞ք վախենում, որ ֆիլմում եղած քաղաքական երանգը կխանգարի «Օսկար»-ում հաջողություն գրանցելու հարցում

Գիտեք՝ միշտ էլ վտանգավոր է, երբ որ նման թեմաներ է շոշափվում ֆիլմում, և այնպիսի լայն հարթակի վրա, ինչպիսին է «Օսկար»ը, բայց մեզ մոտ շատ նրբորեն է դա մատուցվում և անցողիկ, նույնիսկ: Ասեմ նաև՝ ես՝ որպես արվեստագետ, հասկացել եմ, որ այդ նուրբ ակնարկներն ու սիմվոլիկան շատ ավելի բան են ասում, քան այն, ինչ շատ հաճախ կոպիտ է հնչում: Ցանկացած երաժշտության մեջ, ֆիլմում, թատրոնում, կերպարվեստում միշտ նուրբը ավելի մտածելու տեղ է տալիս և անգամ աննկատ է մտնում մարդու անգիտակցություն: Ես կարծում եմ, որ տիեզերքը գնում է դեպի բարելավման , չնայած այս վատ իրադարձություններին, որ, օրինակ, մեզ հետ է կատարվել կամ, օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինաում: Բայց ասեմ՝ մարդկայնությունը, գոնե մի մասը մարդկայնության, փորձում է գնալ դեպի լուսավորություն, լուսավոր կետ: Դրա համար կարծում եմ, որ ճիշտը մնում է ճիշտ՝ նույնիսկ հզոր պետությունների ազդեցությունը հաշվի առնելով:

Ինչո՞ւ «Ամերիկացին»

Վերնագիրը նակարահանումների ընթացքում շատ պատահական եկավ: Մինչև այդ «Նոր հայը»-ն էր, բայց գիտեինք, որ պետք է փոխվի: Երբ տեսնեք ֆիլմը, կհասկանաք, թե ինչո՞ւ «Ամերիկացին»: Քանի որ դեռ չեք տեսել, ասեմ, որ գլխավոր հերոսը ամերիկահայ է, որին Ցեղասպանության ընթացքում փախցնում են ու տանում Նյու Յորք: այստեղ էլ մեծանում է: Հետո 1947 թ. վերադառնում է կոչով, որ երկիրը կառուցի: Եվ բոլորը, իրան ծաղրելով, ասում են. «ամերիկացին…ամերիկացին»: Այսպես՝ ֆիլմում անընդհատ հնչում է այդ ամերիկացին: Մի օր էլ ազգությամբ իրանցի մեր երկրորդ օպերատորը ասեց. «ամերիկացի», ու էդպես բոլորս հավանեցինք, և մնաց վերնագիրը «Ամերիկացին»:

Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմի այս սյուժեի գաղափարը

Ֆիլմի սյուժեն և մտահաղացումը ամերիկահայ սցենարիստ, ռեժիսոր Մայքլ Գյուրջյանինն էր, ով անգամ հայերեն չի խոսում: Նրա հայրն է ամերիկացի: Ինձ ուղարկեց սցենարը չորս տարի առաջ: Երբ կարդացի, հասկացա, որ այն համամարդկային ասելիքը, ինչի մասին խոսում էի՝ մարդկությանը ուղեկցել դեպի լույսը, հույսը, հավատքը, կար սցենարի մեջ, և դա ինձ միանգամից գրավեց: Քանի որ ես ինքս թատրոնից եմ, իմ սկզբունքները ևս թատրոնից են, մշտապես կարդացել եմ պիեսներ, որոնք՝ որպես կանոն, հիմնականում լինում են հանճարեղ, հատկապես երբ գրած են լինում դասական: Եվ հազվադեպ եմ կարդացել ֆիլմի սցենար, որ ինձ էսպես տպավորել է: Նկարահանումները ամբողջովին տեղի են ունեցել Հյաստանում և ՀՀ մասնագետների կողմից: Շատ-շատ տարիների եռանդ, քրտինք, դժվարություն: Ազգային Կինոկետրոնն է աջակցել ԿԳՄՍՆ գլխավորությամբ: Այնպես որ, սա կարելի է համարել ազգային ֆիլմ:

Ֆիլմը ե՞րբ կտեսնենք Հայաստանում

Հուսով ենք՝ այս ամիսներին՝ հունվար, փետրվար, կբարձրանա մեծ էկրան:
Հաջողություն ենք մաղթում՝ հայի աղոթքով

Շնորհակալություն

 

5301