
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում են ունեցել։ Այս մասին տեղեկացել է Էկոպարեկային ծառայությունը:
Քննարկումների առանցքում են եղել ոլորտային մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին, ծառայության արդյունավետության բարձրացման, համակարգի կայացման հարցերին։
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը ներառել էկոպարեկային ծառայության լիազորություններում։
Հանդիպումը կազմակերպել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Դանիելյանը և հանձնաժողովի անդամ Գառնիկ Դանիելյանը։
Էկոպարեկային ծառայության պետն ու գլխավոր քարտուղարը պատասխանել են նաև պատգամավորներին հետաքրքրող մի շարք հարցերի։