«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից արված հայտարարություններին, թե իբր վերջինս չեղարկում է իր կողմից ստորագրված փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի մեկից։

«Հիմա հասկացա՞ք, թե ինչու պետք է Արցախը լուծարելու մասին «նախագահ» Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագիրը, ուժի մեջ մտներ ոչ թե նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին, այլ 2024-ի հունվարի 1-ին։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու սեպտեմբերի 29-ին Դավիթ Բաբայանին Շուշի՝ Ադրբեջանի իրավապահներին հանձնելու համար անձամբ ուղեկցած Շահրամանյանն ինքը չի հայտնվել ադրբեջանական բանտում։ Հիմա հասկացա՞ք, թե Շահրամանյանն ինչու իրեն իշխանության բերած Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ Բաքու տարվելու փոխարեն, ռուսների ուղեկցությամբ Ստեփանակերտից ուղղաթիռով հասցվել է Սիսիանի օդակայան, որն այժմ ռուսների վերահսկողության տակ է։

Կասկած չունեմ՝ Հայաստանի իրավապահները տեղյակ են, որ Սամվել Շահրամանյանն ամենօրյա կապի մեջ է Բաքվում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հետ, ովքեր համակարգում են նրա գործունեությունը Հայաստանում։ Այն ինչ այս օրերին անում են Շահրամանյանն ու նրան ընտրած դավաճան 22 պատգամավորները ամբողջությամբ հրահանգավորվում է Մոսկվայի, Բաքվի և Բաքվի բանտում գտնվող արցախցի պաշտոնյաների կողմից։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը անհապաղ պետք է միջոցներ ձեռք առնի, Հայաստանի պետականության դեմ այս կազմակերպված հանցախմբին պետք է բառիս բուն իմաստով չեզոքացնի, խեղդի օրորոցում»,- գրել է նա։

988