Կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023 թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում են քաղաքաշինության կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը՝ Արմեն Ղուլարյանն արձանագրել է տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․
«Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են քաղաքաշինական տարբեր ծրագրեր, և նախագծային փուլից մինչև բուն շինարարություն որակյալ մասնագետների կարիք ունենք։ Նրանց պակասը լրացնելուն ու մասնագետների սերնդափոխությունն ապահովելուն պետք է ուղղված լինեն բուհի ջանքերն առաջիկայում»,- ասել է նա։
Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընդգծել է, որ կրթական ծրագրերը կազմելիս համալսարանը պետք է հաշվի առնի ինչպես աշխատաշուկայի ներկա պահանջարկը, այնպես էլ հեռանկարը և պետական քաղաքականությունը, որովհետև առաջիկա տարիներին գործունեության լայն դաշտ է բացվում հենց քաղաքաշինության բնագավառի մասնագետների համար։
Հաստատված օրակարգով ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրել է 2023 թ․ իրականացված աշխատանքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2024 թ․ նախատեսված ծրագրերը։ Կարևոր ձեռքբերումներից նա առանձնացրել է ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմի վերաճանաչումը Ֆրանսիայի պետական դիպլոմին համարժեք, ինչպես նաև համալսարանի անդամակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններին:
Ռեկտորը տեղեկացրել է, որ ներդրվել են կրթական նոր ծրագրեր, գիտական հետազոտությունների համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ, զգալի նվաճումներ են արձանագրվել գիտական ասպարեզում։
Անդրադարձ է եղել պետական կառույցների հետ համագործակցության արդյունքում համալսարանին վստահված կարևոր ծրագրերին, որոնցից են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ քաղաքաշինական մի քանի նորմերի մշակման աշխատանքները։
ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել համալսարանի տարեվերջյան հաշվետվությանը և հաստատել 2024 թվականի ծրագրերն ու բյուջեն: