Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ 12 շենքի հարևանությամբ բախվել են 2 Mazda , 2 Honda, Nissan, Mitsubishi, Mercedes, BMW, Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները, վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Մարիամ Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված մի քանի ավտոմեքենաներ եղել են կայանված։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում՝ ճանապարհի դիտահորի հարևանությամբ փոսային նստվածքը, իսկ հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ տևական ժամանակ է, ինչ խնդիրն առկա է ու հաճախակի է նման նստվածքի պատճառով ստեղծվում վթարային իրավիճակ։ Միակ սփոփանքն այն էր, որ տուժողներ չէին լինում, իսկ Երևանի քաղաքապետարանը պետք է հետևություններ անի և խնդիրը լուծի, հակառակ դեպքում նման վթարներ հաճախակի տեղի կունենան։

1202