
Հայ ազգի աստղ Շերի որդին՝ Էլայջա Բլյու Ալմանը, բողոքարկել է մոր խնդրանքը՝ իր նկատմամբ խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ:
47-ամյա Ալմանը դեմ է, որ մայրը լինի իր խնամակալը, քանի որ կարծում է, թե ներկայումս ունեցվածքը տնօրինելու անհրաժեշտություն չկա, խնամակալը չունի առաջնահերթության իրավունք և հարմար չէ պարտականությունների կատարման համար։
Դեկտեմբերի վերջին Շերը հայց է ներկայացրել իր որդու ժամանակավոր խնամակալությունը ստանձնելու համար՝ վկայակոչելով նրա թմրամիջոցների չարաշահման պատմությունը: Ալմանը Շերի և նրա նախկին ամուսնու՝ հանգուցյալ ռոքեր Գրեգ Ալմանի որդին է։
Ալմանը հայտարարության մեջ նշել է, որ ավելի քան 90 օր սթափ է եղել։
Շերը ձգտում է դառնալ իր որդու ունեցվածքի միակ խնամակալը՝ պնդելով, որ նա ներկայումս չի կարողանում կառավարել իր ակտիվները հոգեկան առողջության լուրջ խնդիրների և թմրամիջոցների չարաշահման պատճառով։
Սակայն Ալմանը հերքում է դա․ «Ինչպես շատ մարդիկ, ես պայքարում էի կախվածության դեմ և գումար ծախսում այնպիսի եղանակներով, որոնք միշտ չէ, որ ամենահամապատասխանն էին, սակայն ես այժմ գտնվում եմ բժիշկ Հովարդ Սամուելսի խնամքի տակ»։
Ալմանը նաև նշել է, որ մտադիր չէ բաժանվել իր կնոջից՝ Մարանջելա Քինգից․ «Հիմա, երբ գտել եմ սթափության ճանապարհը, ես մերժել եմ ամուսնությունը լուծարելու միջնորդությունը և հաշտվում եմ կնոջս հետ, որպեսզի կարողանանք աշխատել մեր հարաբերությունների վրա»։