Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկ – Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի և թիվ 11 փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գնդի ծառայության ավագ տեսուչի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Էրիկ Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Դեպքի վայր է ժամանել նաև ՊԾ օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականները։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի, տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզելու են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

2767