ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել Կառավարության 2010թ. ապրիլի 8-ի որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։

«Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։ 

352