Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 26-ամյա Իշխան Ա.-ն և 24-ամյա Արման Զ.-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ներքին Շենգավիթ 15 փողոցից, որտեղ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ-ին ծեծի է ենթարկել։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամերի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի շենքի մոտ նշված անձանց հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 19-ամյա Գառնիկ Ս.-ն, որն իր մոտ եղած դանակով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ.-ին՝ ծեծի ենթարկել։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Ս.-ին և հանցագործության գործիքը հայտաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1994