Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար անփոխարինելի միջոց են դարձել օնլայն քարտեզները, որտեղ  հետևում են Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժին։ Սակայն վերջին շրջանում հաճախակիացել են բողոքները, թե ավտոբուսների տեղաշարժին հետևելու հնարավորություն այլևս չունեն, ավելին՝ նաև նկատում են, որ  անջատված է GPS համակարգը. ավտոբուսը մոտենում է կանգառին, ինչը չի երևում օնլայն քարտեզների վրա:

«Վարորդները չգիտեն GPS-ի տեղը, բացառվում է, որ վարորդի միջամտության հետևանքով քարտեզի վրա չերևա, թե որտեղ է ավտոբուսը»,- Araratnews.am-ի հետ զրույցում վստահեցրեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը, հավելելով, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն էլ է հաստատել առկա խնդիրը, սակայն բացառել է, որ այն պայմանավորված լինի  վարորդի գործոնով։

«Վարորդը ֆիզիկապես ավտոբուսների այդ համակարգին հասանելիություն չունի, կապն ապահովվում է հեռախոսային քարտերի համակարգով: Խնդիրը պայմանավորված է առանձին հատվածներում հնարավոր կապի հասանելիության խնդրով,  այսինքն՝ այդ պահին ինտերնետ կապի անհասանելիության կամ քաղաքացու գտնվելու հատվածից: Սպասարկող ընկերությունը տեղեկացված է խնդրից և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝  կապը բարելավելու և որոշակի դեպքերում, փորձարկումների արդյունքում այդ խնդիրը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Տարոն Գևորգյանը:

 

Գևորգյանը նաև նշեց, որ բոլոր ավտոբուսներն էլ ունենալու են GPS համակարգ, և այդ ուղղությամբ ևս այս պահին աշխատանքներ են տարվում:

 

Սիլվի Պետրոսյան

1353