Այսօր խորհրդարանում գործընկերներիս՝ Ծովինար Վարդանյանի ու Սոնա Ղազարյանի հետ հանդիպել ենք Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենին և Մարի Լորժուին:

Դիվանագետներն իրենց հետաքրքությունն են հայտնել մեր կողմից հեղինակված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում և մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը վերջերս Ազգային ժովում առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Հյուրերին ներկայացրել եմ օրենքի նախագծի մշակման նախապատմությունը, ինչպես նաև այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նախագծի ամբողջությամբ ընդունումից հետո:

Դիվանագետները հետաքրքրվել են նաև 2017-ին ընդունված օրենքի արդյունքներով, ինչպես նաև դրանից կատարած հետևություններով։

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը, խոսելով նախագծի դրական կողմերի մասին, հատկապես առանձնացրել է ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման կարևորությունը և մշակութային փոփոխությունները՝ ընդգծելով, որ երբեմն ոչ զոհը ոչ էլ բռնություն գործադրողը տեղյակ չեն, որ կատարվողը ընտանեկան բռնություն է։ Ըստ Ծովինար Վարդանյանի, իրազեկումն այս օրենսդրական նախաձեռնության կարևորագույն փուլն է:

«Մի բան է ունենալ լավ օրենսդրական նախաձեռնություն, բայց այլ բան է ունենալ լավ օրենք իր կիրարկման ընթացքում»,-նշել է պատգամավոր Սոնա Ղազարյանը և ընդգծել, որ այս իմաստով կարևոր է Ֆրասնիայի հետ փորձի փոխանակումը՝ հասկանալու, թե ինչպիսի խնդիրների են հանդիպում իրենք օրենքի կիրարկման մակարդակում։

Ֆրանսիացի դիվանագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ոլորտային բարեփոխումներին, հատկապես հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներին։

440