Նախագծով կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում «ուղեղի մահ»-ից բացի նաև «կենսաբանական մահ» հասկացության օրենսդրական ամրագրումը, ինչը անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում: Ինչպես նաև կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

«Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստման ենթակա են լյարդը, երիկամը և եղջերաթաղանթը: Լյարդի և երիկամի դոնոր կարող է հանդիսանալ այն անձը, որը կենդանի է կամ  ուղեղային փուլում գրանցվել է  մահ, իսկ եղջերաթաղանթի դոնոր կարող է հանդիսանալ մահացած մարդը»,- ասաց Գասպարյանը:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:

Կապահովվի նաև օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

498