Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

- Պարո՛ն Բադալյան, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ անկախության, տարածքային ամբողջականության, խաղաղության ձգտումներում Հարաստանը կարող է ապավինել Ֆրանսիային։ Le Figaro-ն էլ հայտնել է, որ այսօր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցին զուգահեռ՝ ՀՀ կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում որքան կարող են զարգանալ։

- Այդ հարցի պատասխանը կախված է մի շարք գործոններից, այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ Ֆրանսիայի ու Հայաստանի պաշտպանական հարաբերության զարգացման համար շատ կարևոր է, թե ինչպես կզարգանան Ֆրանսիա-Վրաստան հարաբերությունները, որովհետև մատակարարումների միակ ուղղությունը կարող է լինել Վրաստանը․ մենք գիտենք, թե Վրաստանի նկատմամբ ինչպիսի մեծ ազդեցություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը, ըստ այդմ՝ ինչպիսի խնդիրներ կարող են ստեղծել հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության համար, եթե դիտարկենք սպառազինությունների մատակարարումը։ Եվ այս տեսանկյունից այդ հարցերը բաց են և միայն դրանց ուղղությամբ գործընթացների միտումներից հնարավոր կլինի եզրակացնել, թե ինչքան կարող է խորանալ հայ-ֆրանսիական գործակցությունը։

- Իսկ ի՞նչ հավելյալ գործոններ են դրդում Ֆրանսիային Հայաստանի հետ պաշտպանական համագործակցությունը զարգացնել։

- Ֆրանսիայի նախագահը  մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ Փարիզը անելու է անհրաժեշտ ամեն ինչ իր անդրծովյան շահերը և հետաքրքրությունները պաշտապնելու համար, այդ թվում՝ Մակրոնը մատնացույց էր արել Կովկասը և միևնույն ժամանակ նախօրեին Փաշինյանի հետ  հանդիպմանը Մակրոնը արեց առանցքային հայտարարություն, որը Կենտրոնական Ասիա այցի ընթացքում էր արել․ խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհային և հաղորդակցային ուղիների  մասին է․ և այստեղ, բնականաբար, Հվ․ Կովկասը առանցքային գոտի է, որով պետք է անցնի և հատկապես Ֆրանսիայի համար շատ կարևոր է, որ այդ հաղորդուղիները առավելագույնս զերծ լինեն Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունից։ Ըստ այդմ՝ հասկանալի է, որ Ֆրանսիան պետք է փորձի ամրացնել իր դիրքերը Հայաստանում և դրա միջոցով ձգտել անցկացնել հաղոդուղիներ Ադրբեջանի և Թուրքիայի շրջանցիկ տրամաբանությամբ։ Սա նշանակում է աշխատանք Հնդկաստանի, Իրանի և նաև Չինաստանի ուղղությամբ, այսինքն՝ բավարար մեծ և ընդգրկուն աշխատանք կա անելու՝ եթե դիտարկում ենք հարաբերությունների առարկայական խորացում այն շահի համատեքստում, որ հետապնդում է Ֆրանսիան և այս տեսանկյունից իհարկե Ֆրանսիայի հետաքրքրությունները պայմանավորված են իր աշխարհաքաղաքական դերակատարումը պահպանելու հանգամանքով, որ առավելևս տեսնում ենք, որ աֆրիկյան ուղղությամբ Փարիզը  ունեցավ որոշակի խնդիրներ։ Եվ նաև Թուրքիայի հանգամանքը շատ էական է, այսինքն՝ Հվ․ Կովկասում Ֆրանսիայի ազդեցությունը ոչ միայն Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա միտվածությամբ է հաշվարկված, այլ նաև Ֆրանսիան փորձելու է Թուրքիային զսպող հանգամանքներ ձևավորել միջերկրյածովյան ռեգիոնի ուղղությամբ և նաև ընդհանուր առումով մայրցամաքային Եվրոպայի ուղղությամբ, իսկ այդ ամենի խորքում, ես կարծում եմ, կա նաև ֆրանս-բրիտանական մրցակցության հանգամանքը, որովհետև  մեղմ ասած բավական հայտնի է, թե ինչպիսի խորքային ազդեցություն ունի Բրիտանիան թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի վրա։

- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքելով Մակրոնի երեկվա հայտարարություններին՝ կրկին խոսել է այսպես կոչված օկուպացված ութ գյուղերից, այս առումով հնարավո՞ր է հետընթաց լինի խաղաղության պայմանագրի բանակցություններում։

- Ես չեմ կարծում, թե Ֆրանսիայի ակտիվությունը այն առանցքային գործոնն է, որ կարող է խոչընդոտել խաղաղության պայմանագրի կնքմանը։ Խաղաղության պայմանագրի  կնքմանը խոչընդոտող գործոնները շատ են և այս իմաստով խնդիրն այն չէ, որ Ֆրանսիան ունի ՀՀ-ին աջակցող ընդգծված դիրքորոշում և այդ պատճառով խոչընդոտվում է խաղաղության պայմանագիրը, հակառակը՝  քանի որ խաղաղության հեռանկարները մշուշոտ են․ Ֆրանսիան էլ, բնականաբար, ինչպես բոլորը, ձգտում է իր աշխարհաքաղաքական շահերը իրացնել, այսինքն՝ Ֆրանսիային հնարավոր է պատճառ դիտարկել այնքան, ինչքան հնարավոր է պատճառ դիտարկել մնացած խոշոր խաղացողներին։

- Գերմանիա, Բուլղարիա, Լիտվա. մինչ այս էլ Սուրեն Պապիկյանը հանդիպում էր ունեցել այս երկրների ՊՆ ղեկավարների հետ. ըստ Ձեզ, արդյո՞ք ՀՀ-ն հնարավորություն ունի նաև եվրոպական այս եւ այլ երկրներից նույնպես սպառազինություն ձեռք բերել։

- Այստեղ կա մի սկզբունքային հարց, որը պետք է արձանագրենք․ այն բանից հետո, երբ գործնականում այսպես պարզ ասած՝ Ադրբեջանի ուժային գործողությամբ և գործնականում բոլոր դերակատարների լռելյայն համաձայնությամբ մեջտեղից դուրս եկավ ԼՂ հակամարտության հարցը՝ բացվեց ՀՀ-ի հետ պաշտպանական գործակցության ավելի լայն ճանապարհ տարբեր արևմտյան խաղացողների համար։ Որովհետև երբ կար ղարաբաղյան հակամարտություն՝ ՀՀ-ի հետ պաշտպանական գործակցության խորացումը  որոշակիորեն տվյալ սուբյեկտին պատասխանատվության առաջ է դնելու ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու գործում և որևէ մեկը չէր ուզում հայտնվել այդպիսի պատասխանատվության առաջ, որովհետև դա նշանակելու էր  կոնֆլիկտային վիճակ  Ադրբեջանի հետ։ Եվ պատահական չէ, որ անգամ Ֆրանսիայի պարագայում պաշտպանական գործակցության այդ փաստաթղթավորումը տեղի ունեցավ միայն Արցախի հայաթափումից հետո և սա, ցավոք, պատահական չէր։ Եվ հիմա Արևմուտքը իր աշխարհաքաղաքական շահերն իրացնելու համար՝ ՌԴ-ի և Իրանի ազդեցության թուլացում, կփորձի տարբեր խողովակներով Հայաստանի հետ պաշտպանական գործակցության ուղղությամբ ավելի ինտենսիվացնել աշխատանքը։

- ՀՀ-ում ՌԴ դեսպանը ցանկություն է հայտնել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն․ կարո՞ղ ենք այսպիսով ենթադրել, որ երկու երկրների գործակցությունը այնքան է թուլացել, որ պահպանելու խնդիր կա։

-Մեծ հաշվով դաշնակցային հարաբերություններն ըստ էության երևի թե շատ երկար ժամանակ չեն էլ եղել, այսինքն՝ վերջին առնվազն երկու տասնամյակում ռուսական քաղաքականության տրամաբանությունը չէր ենթադրում այլևս ՀՀ-ի հետ խորքային դաշնակցություն։ Հիմա, երբ նման հայտարարություններ են արվում՝ ավելի շուտ պետք է նկատի ունենալ այն, որ ՌԴ-ն պարզապես կարևոր է համարում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի իր համար կենսական ռիսկեր պարունակող փոփոխություն թույլ չտալը։ Անկասկած է, որ հայ-ռուսական հարաբերությունները գործնականում պետք է մեծ վերափոխման ենթարկվեն, ինչը համարժեք կլինի նոր քաղաքական իրողություններին, որ ձևավորվում են ընդհանրապես քաղաքական համատեքստով այն աշխարհակարգի տրամաբանության համատեքստով, դեպի ուր շարժվում է աշխարհը, թե որն է այդ ուղղությունը՝ կա մեծ անորոշություն և այստեղ անկասկած է, որ նոր իրավիճակը ամենևին չի լինելու վերադարձ այսպես ասենք՝ վատ մոռացված հնին։ Նոր իրավիճակը ենթադրելու է բոլորովին նոր միջազգային, ռեգիոնալ անվտագության ճարտարապետություն, և հայ-ռուսական հարաբերությունները այդտեղ որոշակիության պայմաններում միայն արդեն կարող են մտնել որոշակի վերաձևման կազմավորման փուլ և հիմա Հայաստանի ու Ռուսաստանի համար էլ սա բավական օբյեկտիվ ընկալելի իրավիճակ է՝ չնայած հրապարակային հայտարարություններին։

Գեղամ Ադյան

 

 

 

3537