Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ։

Որակավորման փուլի երկու ցատկերի արդյունքում Դավթյանը հավաքել է 14,966 միավոր և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գավաթի երկրորդ փուլի օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ էր դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Վերջերս հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Հաղթողի կոչմանն արժանացել էր Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից Փարիզ-2024-ի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Արթուր Դավթյանը։

628