Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին:

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման հնարավորություններին: «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, և տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»:

ԱԺ փոխխոսնակը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից:

«Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ և դրա պատճառներից մեկը նաև այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված և մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:

Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավումը:
 
Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման և բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ:

«Երբ մենք տեսնում ենք, որ որևէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով և ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը և հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք:

Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:

 

453