Աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնցից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, որի կյանքին վտանգ չի սպառնում. Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
Ավինյանին զեկուցվեց նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մի քանի մեքենա այս պահին չի շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը․ «3 սարքին վիճակում գտնվող մեքենաներն այս պահին պարապուրդի են մատնված»,- նշեց Սաշա Կատվալյանը։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չլինեն, այլ իդեալական կատարված աղբահանություն: Քաղաքապետը հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել. «Այդտեղ որոշակի դեբատ կա: Ծախսերն անընդհատ աճելու միտում ունեն, և կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը»,- ասաց Տիգրա Ավինյանը: