ԱԺ-ն քննարկել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ժամը 06.00-ից մինչև 00.00-ն արգելել այն ֆիլմերի և սերիալների ցուցադրությունը, որոնք պարունակում են քրեական ենթամշակույթի քարոզ։ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, թե գործող օրենքի համաձայն՝ Հայաստանում այսօրվա դրությամբ ժամը 06.00-00.00-ն արգելված է էրոտիկ բովանդակությամբ, ինչպես նաև սարսափ ֆիլմերի և այն ֆիլմերի ցուցադրումը, որոնցում առկա են բռնության բաց տեսարաններ։ Իսկ այժմ այդ ցուցակը կլրացվի քրեական ենթամշակույթի քարոզչության սահմանափակմամբ։

Հովհաննիսյանի խոսքով, այդ ֆիլմերը բացասաբար են ազդում անչափահասների վրա, քանի որ պարունակում են ստորություն, կոպտություն, ոչ նորմատիվային բառապաշար, մերժում են բարոյականության ընդհանուր նորմերը և քարոզում անբարո կենսակերպ՝ նսեմացնելով կրթության և դաստիարակության դերը։ Ըստ նրա, նման ֆիլմերը նաև ազդում են քրեական ենթամշակույթի, բարոյականության, շարժուձևերի, խոսքի տարածմանը, ինչը ևս անընդունելի է։ 

442