
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխադարձ վստահության վրա հիմնված բազմամյա համագործակցությունը բնապահպանական ոլորտում՝ ընդգծելով KfW-ի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ այդ համագործակցությունը ոչ միայն նպաստել է բնության պահպանությանն ուղղված կարևոր ծրագրերի իրականացմանը, այլև հիմք է ծառայում ապագա նախաձեռնությունների ընդլայնման համար։
Նախարար Սիմիդյանը հյուրերին ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17)նախապատրաստական աշխատանքների ընթացքը․
«Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում է համաժողովի հյուրընկալմանը բոլոր ուղղություններով։ Ավարտական փուլում է Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը, որը հիմնված է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի վրա։ Այս գործընթացը կարևոր հիմնաքար է COP17-ի մեր մասնակցության և հաջող կազմակերպման տեսանկյունից», – նշել է նախարարը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի թիրախների ընթացող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ընթացիկ ծրագրերը, ՇՄՆ էկոպարեկային ծառայության կայացման ուղիները, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային ռեսուրսների կայուն կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել Էկոպարեկային ծառայության համալրման աշխատանքները․
«Ուրախ եմ նշել, որ եթե մեր նախորդ հանդիպման ընթացքում տիկին Գարսիա դել Արկոյի հետ քննարկում էինք էկոպարեկային ծառայության իրավական հիմքերի ստեղծման ուղիները, ապա այսօր արդեն կարող ենք փաստել, որ ծառայությունը գործնականում գործում է։ Այն կարևոր ներդրում է մեր բնության պահպանության համակարգում»,-նշել է Հակոբ Սիմիդյանը։
Նախարար Սիմիդյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի վերանայման անհրաժեշտությանը՝ ներկայացնելով արդյունավետության բարձրացման ու տարածքների առավել գործուն կառավարման նպատակով նախատեսվող բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ծրագրին, որը ներկայումս հանդիսանում է ոլորտում ամենախոշոր նախաձեռնություններից մեկը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26,2 միլիոն եվրո, որի շրջանակում իրականացվում են գործողություններ՝ ուղղված բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների պահպանմանն ու կայուն կառավարմանը, անտառների հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի օգտագործմանն ուղղված նախաձեռնություններին։
Քննարկվել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է KfW-ի 8.25 մլն եվրո ֆինանսավորմամբ։ Ծրագրի երկարաձգման ընթացքում կողմերը վերանայել են գործող պայմանագրերն ու ներդրել նոր գործիքներ՝ ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչների ավարտական փուլին հասցնելուն։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության, կենսաբազմազանության պահպանման և համայնքների կայուն զարգացման։