Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 13-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար, պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին։ Սիրելի ուսուցչին իրենց համերգային կատարումները կնվիրեն միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի, 2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և նույնպես արդեն ճանաչված դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը՝ «Սոնետ» դաշնամուրային դուետով:
Ծրագրում՝
Գաբրիել Ֆորե. Դոլլի Սյուիտ, երկ․56, 4 ձեռքի համար
Ֆրանց Շուբերտ. Ֆանտազիա ֆա մինոր, երկ․ 103
Ֆրանցիս Պուլենկ. Սոնատ
• Պրելյուդ
• Գեղջկական
• Ֆինալ
Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ #1, երկ․ 5 «Ֆանտազիա» 2 դաշնամուրի համար
• Բարկարոլա
• Արցունքներ
• Լուսե տոն
Վիտոլդ Լյուտոսլավսկի. Վարիացիաներ Պագանինիի թեմայով
Գեորգի Սարաջյան. 3 պիես Աշուղական թեմաներով սյուիտից
Սերգեյ Սարաջյան. 2 պիես Կոմիտասի թեմաներով սյուիտից

«Սոնետ» դաշնամուրային դուետը ստեղծվել է 2003թվականին։ Նույն թվականին Հռոմի միջազգային մրցույթում անսամբլը դարձել է դափնեկիր և ստացել հատուկ մրցանակ։ Տարիների ընթացքում դաշնամուրային դուետը ձայնագրել է խտասալիկներ, ունեցել մի շարք համերգներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Իտալացի կոմպոզիտոր Սերջիո Կալիգարիսը դուետի մասին գրել է. «Ստեղծագործությունների Ձեր մեկնաբանությունները հարուստ էին թեթևությամբ և պոեզիայով, իսկ հնչողության որակն իսկապես հիասքանչ էր»:
Պետք է նշել, որ Արմինե Գրիգորյանը որպես մենակատար և որպես Խաչատրյանի անվան տրիոյի անդամ ելույթներ է ունեցել աշխարհի ավելի քան 100 քաղաքներում՝ այցելելով բոլոր մայրցամաքները, այժմ էլ ակտիվորեն շարունակում է իր համերգային գործունեությունը, Սոնա Բարսեղյանը, ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, այնուհետև՝ Քյոլնի կոնսերվատորիան՝ որպես մենակատար և անսամբլային երաժիշտ /մագիստրատուրա և ասպիրանտուրա/, վերադարձել է Հայաստան և ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական աշխատանքով: Նա համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում, միաժամանակ կազմակերպում է բազմաբնույթ համերգներ և փառատոներ։

99