ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ազգային ավիափոխադրող ունենալու խնդրից․
«Ազգային ավիափոխադրող, կարծես, ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Արնան», որը հիմնվել էր պետության ներդրումով, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել գրանցումից։ Մենք այդ մասին ի՞նչ դիրքորոշում ունենք, ի՞նչ ենք անելու, անելու՞ ենք ինչ-որ բան, թե՞ չենք անելու»։
Արձագանքելով հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»։
Նա հիշեցրել է, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը։