Այն, ինչ գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս՝ ՀՀ-ինն է, և որևէ մեկը չի պատրաստվում ու չի կարող հանձնել որևէ հողակտոր։ Ինչը որ դուրս է գտնվում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից՝ ուրեմն դուրս է գտնվում ՀՀ սահմաններից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Վարչապետը նշեց, որ քարտեզը ինքնին առաջին տպավորությամբ մեր քարտեզը չէ, որը կոնկրետ ինչ-որ թվականի քարտեզ պետք է լինի, այլ՝ տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն, տարբեր իրավական հիմքեր գոյություն ունեն, տարբեր թվականների որոշումներ գոյություն ունեն, որոնցով ձևավորվել են ԽՍՀՄ երկրների սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով հիմա պետք է դառնան սահմաններ»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասաց, որ ՀՀ-ն զիջելու ոչինչ չունի․ «ՀՀ իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն ինչ մերն է՝ մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում»,- ասաց նա։