Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին «խաղաղության եւ սեփական ինքնիշխանության, այն սկզբունքների հարգման ձգտման համար, որոնք (Մոսկվան) անտեսում է Ուկրաինայում»,- գրել է Le Figaro-ն։

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է պայքարն անպատժելիության դեմ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, եւ նրա համար, որ Հայաստանը պարզապես ընտրել է ժողովրդավարության եւ իրավական պետության ճանապարհը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։ Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի կոմպլեմենտար վերաբերմունքը, որը չի դատապարտել ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում», որտեղ մինչեւ անցած տարվա վերջ ապրում էր մեծաթիվ հայ բնակչություն։ «Այսպես կոչված «ռուսական խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին հումանիտար ճգնաժամը»,- ավելացրել է նա։

Գաբրիել Ատալը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զորքերը Հայաստանի օկուպացված դիրքերից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ ադրբեջանական ուժերն առաջ են գնացել Հայաստանի մի քանի տարածքներում։ «Խնդիրն այսօր Հայաստանին օգնելն է՝ պաշտպանել նրա անկախությունը, դեմոկրատիան, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ամփոփել է իր ելույթը Ֆրանսիայի վարչապետը։

576