
Այսօր՝ ժամը 21։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։
Պայթյունի պատճառը՝ պարզվում է։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները։Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովման գործողություններ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։