Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում որպես մենեջեր աշխատող Երևանի բնակիչ 32-ամյա Արման Սարգսյանը, օգտվելով իր տնօրինման և տիրապետման տակ գտնվող դրամարկղից և չհրկիզվող պահարանից, այս տարվա փետրվարի 18-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ ահազանգ տվողը եղել է «Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ տնօրենը, իսկ կասկածյալ Ա. Սարգսյանը դրամարկղից և չհրկիզվող պահարանից, ըստ տնօրենի հայտարարության, հափշտակել է մոտ 11 մլն դրամ։
Կայքի տեղեկություններով՝ նույն օրը Ծաղկաձորում հայտնաբերվել է կասկածյալ Ա. Սարգսյանը և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժին։
Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք կասկածյալի հետ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։