Կովկասի բնության հիմնադրամի, Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Շրջակա միջավայրի նախարարության միջև աննախադեպ համագործակցության մեկնարկն է տրվել։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի շրջանակում ՇՄՆ կազմում գտնվող 4 ԲՀՊՏ-ներում կիրականացվեն դաշտային հետազոտություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կովկասի բնության հիմնադրամը: Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար CNF-ի կողմից նվիրաբերվել են նաև 11 համակարգիչներ և Ռենո Դասթեր ավտոմեքենա։
Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից, նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով։