2023-ի խորհրդարանի ընտրությունում Թայիփ Էրդողանի հաղթանակից կոտրված Թուրքիայի ընդդիմությունը նպատակ ունի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակով հարված հասցնել ԱԶԿ-ին, կիրակի կայանալիք տեղական ընտրությունում՝ գրում է Reuters-ը:

Մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունը կա՛մ կամրապնդի Էրդողանի վերահսկողությունը Թուրքիայում նրա երկու տասնամյակ կառավարումից հետո էլ, կա՛մ կազդարարի ՆԱՏՕ-ի անդամի՝ խորապես բաժանված քաղաքական լանդշաֆտի փոփոխությունը:

Ըստ Reuters-ի՝ արդյունքները, հավանաբար, մասամբ կձևավորվեն տնտեսական խնդիրներով, որոնք առաջացել են գնաճով, ինչպես նաև քուրդ և իսլամիստ ընտրողներով պայմանավորված՝ կառավարության աշխատանքի վերաբերյալ նրանց գնահատմամբ և քաղաքական փոփոխությունների հանդեպ հույսերով:

Հարցումները ցույց են տալիս, որ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն և ԱԶԿ-ի թեկնածու, նախկին նախարար Մուրատ Քուրումը գրեթե հավասար մրցապայքար են մղում 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում: Ընդդիմության կողմից գործող քաղաքապետն առաջատարն է մայրաքաղաք Անկարայում։

«2019 թվականին, երբ Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրին Ստամբուլը, դա մեծ հարված էր Էրդողանի հեղինակությանը: Մինչ այդ նա անգերազանցելի էր, անպարտելի»,- ասել է Yetkin Report-ի վերլուծաբան Մուրատ Եթկինը՝ նշելով, որ Ստամբուլում հաղթանակը կենսական նշանակություն ունի Էրդողանի համար:

«Եթե նա հաղթի, նշանակում է կկարողանա տարածել և հաստատել իր լիազորությունները տեղական վարչակազմերի վրա: Էրդողանը կարող է այնուհետև առաջարկել փոխել սահմանադրությունը, որպեսզի հնարավորություն ունենա կրկին նախագահ դառնալ 2028 թվականին», - ասել է վերլուծաբանը:

Սաբանչի համալսարանի քաղաքական վերլուծաբան Բերք Էսենն էլ կարծում է, որ Իմամօղլուի հաղթանակը կաշխուժացնի ընդդիմությանը:

«Թուրքիայի ճակատագիրը ձեր ձեռքերում է»,- ասել է Իմամօղլուն Ստամբուլում երիտասարդներին ուղղված կոչում։ «Մեկ ձայնով կարող եք փոխել սխալը, որ տեղի է ունենում Թուրքիայում»:

Քննադատներն ասում են, որ Էրդողանի կառավարությունը լռեցրել է այլախոհությունը, խաթարել է մարդու իրավունքները և իր վերահսկողության տակ է վերցրել դատական համակարգն ու պետական այլ ինստիտուտներ, պաշտոնյաները, սակայն, հերքում են մեղադրանքը:

Կառավարամետ լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Էրդողանի ամենօրյա հանրահավաքները, մինչդեռ ընդդիմության քարոզարշավի լուսաբանումը սահմանափակ է:

Էրդողանի հեռանկարները, ըստ երևույթին, խարխլվել են իսլամիստական «Նոր բարեկեցություն» կուսակցությանն աջակցության աճով, գրում է Reuters-ը: Նրանք Գազայի հակամարտության վերաբերյալ Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեն և դժգոհ են ԱԶԿ իսլամիստական կուսակցության տնտեսական կառավարումից:

Հարցումները ցույց են տալիս, որ աջակցությունը «Նոր բարեկեցություն» կուսակցությանը կարող է կրկնապատկվել՝ հասնելով մոտ 5%-ի, ապահովելով այն ձայներով, որոնք կարող էր ստանալ ԱԶԿ-ն:

Ըստ վերլուծաբանների, Ստամբուլը հետ նվաճելու Էրդողանի հեռանկարը կարող է կախված լինել նաև քուրդ ընտրողներից, որոնցից շատերը, ըստ սոցիոլոգիական հարցման, կարող են մի կողմ կդնել կուսակցական հավատարմությունը և աջակցել Իմամօղլուին:

Այլ ընտրողների համար տեղական ընտրությունը հնարավորություն է տալիս իրենց կարծիքը հայտնել կառավարության տնտեսական գործունեության վերաբերյալ: Թուրքիայում տարեկան գնաճը դեռ կազմում է մոտ 70 տոկոս%:

«Չնայած տնտեսությունը կարող է առանցքային գործոն լինել ամբողջ երկրում ընտրողների վրա ազդելու համար, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում կլինի Ստամբուլը»,-եզրակացնում է լրատվական գործակալությունը:

437