Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Նիստի շրջանակներում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաև նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում:

«Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների և մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,- նիստի ընթացքում նշել է Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է տարածաշրջանի համար խոշոր ենթակառուցվածքային նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի դերակատարությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում և արդիականացում:

Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված առանջին պաշտոնական այցը:

276