Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։ 

Ընդ որում, պետությունների կողմից տրամադրված քարտեզները պարտադիր չէ, որ համապատասխանեն ՄԱԿ-ի Քարտեզների հրապարակման ուղեցույցում սահմանված հրահանգներին, քանի որ դրանք վերաբերում են բացառապես կազմակերպության քարտուղարության կողմից առցանց և այլ կրիչների վրա մշակվող քարտեզներին։ 

Փաստացի, ՄԱԿ-ում անդամ երկրի խնդրանքով կարող է շրջանառվել իր ինքնիշխան տարածքի վերաբերյալ սեփական պատկերացումները ներկայացնող ցանկացած քարտեզ, որը չի ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում և ընդունում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ին տրամադրված տարբեր տարիների քարտեզները։ 

1996 թվականի քարտեզ․ ԼՂ-ն առկա է

ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված առաջին հասանելի քարտեզը ՀՀ-ն տրամադրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1996 թվականին։ 

Քարտեզում, ոչ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մաս, բայց առանձնացված է Լեռնային Ղարաբաղը՝ ադրբեջանական տեղանուններով, օրինակ՝ Ստեփանակերտը նշված է որպես Խանքենդի։ ԼՂ տարածքում ներառված չեն հարակից 7՝ Քելբաջարի, Լաչինի, Քուբաթլիի, Զանգելանի, Աղդամի, Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջանները, որոնք հայկական վերահսկողության տարածքներ էին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

Տավուշի մարզում երևում են ՀՀ ինքնիշխան տարածքում չներառված, այսպես կոչված, երկու անկլավները։ Տիգրանաշենը ՀՀ տարածքում է:

1997 թվական․ ԼՂ-ի հատվածում հայտնվում են հայկական տեղանուններ 

ՄԱԿ-ում Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ՀՀ-ի կողմից տրամադրված հերթական քարտեզը շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի նոյեմբերին։ 

Այս քարտեզն աննշան կերպով տարբերվում է նախորդից․ միայն ԼՂ հատվածում ադրբեջանական Խանքենդի անվանման կողքը՝ փակագծերում, ավելացել է հայկական Ստեփանակերտ տեղանունը։ 

2004 թվականի քարտեզները չեն տարբերվում 1997-ինից

2004 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, շրջանառության մեջ դրված քարտեզները (հունվարմայիս) չեն տարբերվում 1997 թվականին շրջանառության մեջ դրված քարտեզից, մասնավորապես՝ ԼՂ-ի ու Տավուշի անկլավների մասով։ 

2008 թվական․ Տիգրանաշենը՝ անկլավ, ԼՂ-ն՝ չկա

2008 թվականի մայիսին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման առաջին ժամկետում, ՄԱԿ-ում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում ՀՀ-ի կողմից տրամադրված մի քարտեզ, որում Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես գոյություն չունի, իսկ Ստեփանակերտի փոխարեն օգտագործված է ադրբեջանական Խանքենդի տեղանունը։ 

ՀՀ-ի կողմից տրամադրված այս քարտեզում առաջին անգամ է նաև, որ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը ներկայացված է որպես Ադրբեջանի անկլավ՝ չներառվելով ՀՀ ինքնիշխան տարածքում։ 

Քարտեզում պահպանված են Տավուշի, այսպես կոչված, անկլավները, որոնք կային նաև նախորդ քարտեզներում:

Նույն քարտեզը՝ առանց ԼՂ-ի և ՀՀ ինքնիշխան տարածքում երեք ադրբեջանական անկլավով, ՄԱԿ-ում շրջանառվել է նաև 2013 թվականին՝ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի առաջին տարում։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

2246