Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկատվությունների տարածման միտում է նկատվում, կարծում եմ, որ խուճապի ոչ մի առիթ չունեն մեր ծնողները և դպրոցները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

«Ուսումնական գործընթացը բնականոն ձևով կազմակերպվում է, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո և այս պահին անհանգստանալու ոչ մի առիթ չեմ տեսնում: Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է»,- նշեց Անդրեասյանը՝ կարևորելով մեդիագրագիտությունը:

Նա վստահեցրեց՝ դպրոցներում տարհանման կարիք չկա: Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն: «Սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,- ասաց նախարարը:

Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Ըստ նախարարի՝ իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:

«Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն:

Մանրամասները տեսանյութում

 

 

302